Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին, երկրի բանիմացների խորհրդի նիստում ունեցած ելույթում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է. «Իրանի հետախուզական և անվտանգության ծառայությունները ամեն գնով թույլ չեն տալու, որ խորհրդարանական կայանալիք ընտրությունները շեղվեն իրենց ընթացքից»։
Նա նաև մատնանշել է, որ կառավարության մեջ ներթափանցած դավադիրները փորձում են նոր մարտավարության միջոցով շահել ժողովրդի վստահությունը:
Ըստ նախարարի՝ «Դավադիրների դիտանկյունից՝ նախագահի պաշտոնն ու խորհրդարանի մեծամասնություն ձեռք բերելը միակ միջոցն է Իրանի իսլամական համակարգը փոփոխության ենթարկելու համար: Նրանք հասարակության մեջ ուռճացնում են ժողովրդի դժվարությունները, նրանց մեջ վախ ու սարսափ են առաջացնում ու ներկայացնում, թե հաստատակամ են ԱՄՆ-ի հետ հարաբերություններ հաստատելու գործում: Դավադիրները փորձում են մտավորականությանը մերձեցնել իրենց շարքերին: Նրանց առաջիկա ծրագրերից են՝ ընդդիմանալ երկրի հոգևոր առաջնորդի քաղաքականությանը, քարոզել իսլամի անգործածականության մասին»։
Հարկ է նշել, որ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի աջակիցները դավադիրներ են որակում Ահմադինեժադի թիմակիցներին, ովքեր, ներթափանցելով նախագահական պալատ, փորձում են իսլամական համակարգը շեղել իր ընթացքից:







































