Հայաստանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենաարագ աճող երկիրն է. նշվում է Համաշխարհային բանկի տարածաշրջանային նոր զեկույցում: Ըստ կառույցի՝ Հարավային Կովկասը Հայաստանի արձանագրած կտրուկ աճի շնորհիվ է կարողացել 2022 թվականին գերազանցել 2021-ի տնտեսական աճի ցուցանիշը: Հատկապես ընդգծվել է մեր երկրի արտահանման առաջանցիկ աճը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագիտական գիտությունների թեկնածու, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանի հետ:
Տնտեսագետը չի բացառում, որ 2023-ին ևս բարձր աճի տեմպ ունենանք. «Գրեթե կրկնակի չափով ավելացել է ՀՀ առևտրաշրջանառությունը` թե ներմուծման, թե արտահանման ոլորտում: Վերարտահանումը ռիսկեր է պարունակում. այդ պրոցեսի օգուտը մեզ համար կարճաժամկետ է: Զգալի զգուշավորություն է պետք. ԱՄՆ սև ցուցակում հայտնվելը տնտեսության երկարաժամկետ զարգացման վրա բացասաբար կազդի»:




































