Նախօրեին Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ այդ օրը ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Վկայակոչելով վերջինիս՝ ՊՆ-ն նշում է, որ նրա հետ ևս մեկ զինծառայող է եղել, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք եղել են Սյունիքի մարզի Բնունիս և Աշոտավան համայնքներում: Բնուսնիսում նրանք զինվորական համազգեստով ծեծել են տներից մեկի դուռը:
Բնունիսի վարչական ղեկավար Գոռ Հովիաննիսյանն «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ ադրբեջանցիները մտել են իրենց գյուղ ու դուրս եկել. «Բնակիչները չեն տեսել, որովհետև երեկոյան ժամ է եղել: Նրանք վնաս չեն տվել, բնակիչներն էլ նրանց չեն բռնել»,-ասաց նա:
Գոռ Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ որևէ անհանգստություն իրենց գյուղում չկա:
Աշոտավանի վարչական ղեկավար Արմեն Բեգլարյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են իրենց գյուղում հայտնաբերել ադրբեջանցիներին. «Կեսգիշերից հետո երիտասարդ երկու տղաներ փողոցում հայտնաբերել են, վնասազերծել են, տեղյակ են պահել իրավապահ մարմիններին»:
Հարցին, թե քանիսն եղել ադրբեջանցիները, վարչական ղեկավարը պատասխանեց, որ իրենց երիտասարդները ձերբակալել են միայն մեկին, մյուսին իրավապահները փնտրում են:
Նրա խոսքով՝ գյուղացիների շրջանում վախ չկա, մարդիկ սովորական առօրյայով ապրում են, աշխատում են:
Դիտարկմանը, որ ադրբեջանցիներն անարգել կարողանում են մտնել Հայաստանի տարածք, վարչական ղեկավարն արձագանքեց. «Անհանգստություն չկա, պատահում է, որ մերոնցից էլ են մոլորվում, հայտնվում իրենց տարածքում»:









































