ՌԴ արտգործնախարար Լավրովը Անկարայում Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե լիահույս են, որ արտառեգիոնալ «որոշ դերակատարներ» չեն խանգարի Կովկասում կարգավորման գործընթացներին: Լավրովը հիշատակել է հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը, դրա հանդեպ Ռուսաստանի դրական գնահատականը, ինչպես նաև Հայաստան-ՌԴ-Ադրբեջան հայտնի եռակողմ համաձայնությունները: Իսկ ո՞վ է, ըստ Լավրովի, որ կարող է խանգարել կամ խանգարում է դրան: Դա Արեւմու՞տքն է, թե՞ օրինակ Իսրայելը, որը հայտարարում է Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ձևավորելու մասին, իսկ Իրան-Ադրբեջան հարաբերությունը սրվում է նկատելիորեն: Լավրովը օրեր առաջ Մոսկվայում հանդիպելով իր իրանցի գործընկերոջը հայտարարել էր, թե հույս ունի, որ Իրան-Ադրբեջան լարվածությունը կանցնի և հարաբերությունը կտեղափոխվի կառուցողական հուն: Առայժմ, գոոնե առերևույթ պատկերը հակառակն է: Եվ այստեղ անկասկած է Իսրայելի «ներկայությունը»:
Բայց, միթե՞ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան ի վիճակի չեն չեզոքացնել այդ ներկայությունն ու Ադրբեջանին բերել այսպես ասած կառուցողական դաշտ: Թե՞ այդուհանդերձ ոչինչ միարժեք չէ հենց այդ եռյակի շրջանակում էլ: Թուրքիան իհարկե հազիվ թե ոգևորված լինի Իրան-ադրբեջանական բախումով, սակայն իրավիճակի կառավարելի լարվածությունը Անկարայի համար կարող է լինել լրացուցիչ հաղթաթուղթ: Չավուշօղլուն կոշտ խոսակցություն է ունեցել Իսրայելի արտգործնախարարի հետ՝ Գազայի և Լիբանանի հրթիռակոծումից և Ալ Աքսա մզկիթում իրավապահների կոշտ գործողությունից հետո, դատապարտելով դրանք: Բայց, Իսրայելի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը ինքնաբերաբար չի նշանակում, որ Անկարան շահագրգռված է լինելու իրան-ադրբեջանական «ջերմությամբ»: Ավելին, Թուրքիան այստեղ կարող է տեսնել իր համար մարտահրավեր, այն իմաստով, որ իրան-ադրբեջանական հարաբերության ջերմությունը կնպաստի ռուս-իրանական գործակցությունը, որն էլ իր հերթին զգալիորեն նպաստելու է Չինաստանի դիրքերի ամրացմանը:
Դա կնշանակի Թուրքիայի «կովկասյան մարգինալացման» շոշափելի միտում: Անկարան այդ դեպքում ամբողջապես կմնա Արեւմուտքի խնամքին, ինչը իհարկե զսպաշապիկ է լինելու Արեւմուտքի և Արևելքի միջև մանևրելու քաղաքականություն որդեգրած և այդ մանևրի միջոցով կապիտալ կուտակող Էրդողանի համար: Իրան-ադրբեջանական լարվածությունը՝ իհարկե Անկարայի համար կառավարելի, Թուրքիայի համար մանևրի դաշտ ապահովող գործոն է: Առերևույթ Լավրովի խոսքի հասցեատերը անկասկած դիտվում է աշխույժ Արևմուտքը, մասնավորապես Վաշինգտոն-Բրյուսել տանդեմը, ինչի առնչությամբ Լավրովի խոսնակ Զախարովան մեկ անգամ չէ, որ արտահայտվել է: Սակայն խորքային առումով, Մոսկվայի համար ներկայումս խնդիրը իսրայելա-թուրքական «չբարձրաձայնված» խաղն է: Լավրովի Անկարա այցի հիմնական տողատակային նպատակներից մեկը հենց այդ խաղի «արգելափակումն» էր, ինչը սակայն, դատելով այն հանգամանքից, որ Չավուշօղլուն շեշտել էր Երևանի ու Բաքվի միջև խաղաղության լիարժեք պայմանագրի հանգամանքը, թերևս չի ստացվել: Բանն այն է, որ «խաղաղության լիարժեք պայմանագիր» ասվածը գործնականում անհնար է, ինչը նշանակում է, որ Անկարան Մոսկվայի առաջ դրել է «անհնարին պայման»:










































