Հայաստանի պաշտպանության նախարարությունն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ պատասխանելով Defender 2023 (Պաշտպան 2023) զորավարժության մասին հարցին:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ապրիլի 5-ին նախ հրապարակել էր նաև Հայաստանի անունը ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում անցկացվելիք Defender 2023 զորավարժությունների մասնակիցների թվում, ապա խմբագրել հոդվածը՝ հեռացնելով Հայաստանը:
Պենտագոնի կողմից կազմակերպվող Defender զորավարժություններում այս տարի հետխորհրդային երկրներից ներգրավված են միայն Վրաստանը և Մոլդովան։
Իրավապաշտպան, Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ Պաշտպանության նախարարությունը պատշաճ պարզաբանում չի տվել, թե ինչու Հայաստանի անունը Defender 2023 (Պաշտպան 2023) զորավարժություններին մասնակցող երկրների ցանկում սկզբում կար, այնուհետև այդ ցանկից հանվեց.«Այս պարզաբանումը բացարձակապես չի վերաբերում ՆԱՏՕ-ի հիշյալ զորավարժություններին նախ մասնակցելու, այնուհետև մասնակիցների ցանկից Հայաստանին հեռացնելու հանգամանքին։ Ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ գործոններ են որոշիչ եղել նման որոշում կայացնելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարցադրում արեց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ ավելի ուշ կայանալիք մյուս երկու զորավարժություններին մասնակցելու հանգամանքն ընդամենը փորձ է այս պահին բուն հարցից խուսափել.«Մենք ակնկալում ենք հստակ պատասխան։ ՆԱՏՕ-ի զորավարաժություններին սկզբից մասնակցելու հայտը կամ համաձայնությունը կար, այնուհետև այդ համաձայնությունը հետ է վերցվել, այլ տարբերակ չկա։ Նույնկերպ կարող ենք հիմնավոր կասկած հայտնել, թե արդյոք նման բան տեղի չի ունենա ՊՆ-ի կողմից հայտարարված մյուս երկու զորավարժությունների հետ կապված»։
Իրավապաշտպանն ընդգծում է՝ այժմ հայտարարում են, որ մասնակցում են, հետո ինչ-որ պահի՝ այն գործոնները, որոնք ազդել են այժմ զորավարժություններին չմասնակցելու որոշման վրա, կարող են ազդել մյուս երկու զորավարժություններին մասնակցելու որոշման վրա.«Դրա համար մենք պետք է հստակ իմանանք, թե ինչի հետ գործ ունենք»։
Հնարավո՞ր է կա ռուսական որոշակի ազդեցություն, հարցին ի պատասխան, Արթուր Սաքունցն ասաց.«Հայաստանի վրա անվտանգային հարցերում այլ բացասական նշանակություն ուրիշ ո՞ր պետությունն ունի, եթե ոչ Ռուսաստանի Դաշնությունը։ Ղազախստանը, Տաջիկստանը կամ Բելառուսը՝ հաստատ չեն»։
Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանը վերջին տարիներին չի մասնակցում նաև Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին, Սաքունցը նկատեց.«Դա շատ վատ տենդենց է։ Հաշվի առնելով այն անվտանգային մարտահրավերները, որ այսօր ունենք՝ չեմ կարծում, որ այդ վարքագիծը պետք է շարունակվի։ Ընդհակառակը՝ շատ ակտիվ պետք է մասնակցել, ամեն ջանք գործադրել ՀԱՊԿ-ում որևէ մասնակցություն չունենալու, անվտանգային ավելի արդյունավետ համակարգերում ներգրավվելու ուղղությամբ։ Կարծում եմ՝ իրավիճակները խիստ տարբեր են»։
Ընդ որում՝ իրավապաշտպանը նշում է, որ խոսքն առհասարակ դիվերսիֆիկացման մասին էլ չէ. «Քաղաքական այս բաժանման մեջ անվտանգության արդյունավետ միջոց է հանդիսանում ՆԱՏՕ-ն և արևմտյան պետությունների հետ համագործակցությունը։ 140 միլիոնանոց պետությունն Ուկրաինայի դեմ ագրեսիա սանձազերծելով այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել, որովհետև Ուկրաինան աջակցում են արևմտյան ժողովրդավար պետությունները»։
Արդյոք Հայաստանը արևմուտքի համար ունի Ուկրաինայի նշանակությունը, Սաքունցն ասաց.«Նախևառաջ պետք է Ուկրաինայի նման հստակ դիրքորոշում ունենալ, ոչ թե այդ պետության դեմ սանձազերծած ագրեսիայի հետ կապված վերապահում ունենալ»։
Եթե Հայաստանը կտրուկ քայլ անի, դուրս գա ՀԱՊԿ-ից, ռեալ անվտանգային աջակցություն կստանա՞ արևմուտքից, մեր զրուցակիցն ասաց.«Պետք է ունենալ հստակ դիրքորոշում։ Խնդիրն այն է, որ անվտանգային այն համակարգը, որում Հայաստանը գտնվում է, չի ապահավում Հայաստանի անվտանգությունը։ Սա պարզ փաստ է, ավելին՝ այդ անվտանգային համակարգը սպառնալիք է Հայաստանի համար»։










































