ԱԺ հերթական քառօրյայում կքննարկվի ««ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը, որով հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:
Առկա իրողություններով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել նաև կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաև գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկմանը նշվել է, որ օրենքն ուժի մեջ մտնելով` կարգելվի սմարթֆոնների օգտագործումը ծառայության ընթացքում. միայն հատուկ դեպքերում, հատուկ թույլտվությամբ զինծառայողները կօգտվեն հեռախոսներից:
Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես ամբողջ աշխարհում ոչ մի բանակում սմարթֆոնը թույլատրված չէ. «Պարզ է, որ այդ տեխնոլոգիաները, որ օգտագործում է սմարթֆոնը, այն կիրառող մարդու կողմից գիտակցված կամ չգիտակցված, ինֆորմացիայի արտահոսքի բավականին լուրջ լծակ է: Եթե նույնիսկ անձն դա չանի էլ, ինքը թիրախավորվում է հակառակորդի կողմից նաև նշանախոցման, թիրախավորման տեսանկյունից: Այսինքն բոլոր առումներով սմարթֆոնի առկայությունը պրոբլեմ է»:
Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ մեզ մոտ մինչ այս էլ սմարթֆոնն արգելվում էր, բայց ոչ այդ մակարդակի իրավական փաստաթղթով. «Բնականաբար, թե արգելանքը, թե այն խախտելու դեպքում համապատասխան պատիժների սահմանումը պետք է խստացնել, որպեսզի քաղաքացին, զինվորականը հասկանա, որ դա իր կյանքին, նաև պետությանը լուրջ վտանգ է բերում:
Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ շատ զոհեր ենք ունեցել հենց սմարթֆոնների պատճառով, ցավոք սրտի: Մենք դժբախտաբար, 44-օրյայի ժամանակ համազգային մակարդակով դրսևորեցինք վերին աստիճանի անգրագիտություն հեռախոսների օգտագործման հարցում՝ չնայած այդքան հորդորներին, կոչերին, փորձի ուսումնասիրությանը: 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ բջջային հեռախոսներով նշանախոցումներ էին տեղի ունենում, ես այդ պատերազմի փորձն անալիզ էի արել, և գրել էի դրա մասին մեր վերադասներին, որ դա պրոբլեմ է, դրա դեմը պետք է առնել: Բայց բոլոր քայլերը, պայքարի բոլոր մեթոդները մեզ մոտ, ի վերջո, ավարտվում էին կիսագործունեությամբ: Հուսով եմ՝ գոնե այս անգամ այդպես չի լինի: Շատ կոպիտ ու կոշտ պայքար կմղվի սմարթֆոնների կիրառւթյան դեմ:
Մի բան, որ աշխարհն արդեն անցել է, դու ինչո՞ւ ես նորից այդ ճանապարհն անցնում քո արյան գնով: Մենք գոնե մեր սխալների վրա սովորելով պետք է հիմա ուշքի գանք»,-ընդգծեց փորձագետը:
Հարցին, թե ո՞ր հատուկ դեպքերում է, որ կարող է հնարավորություն տրվել օգտագործել սմարթֆոն, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Օպերատիվ օօղակի հրամանատարներին կարող են թույլ տալ, որովհետև նրանց գիտակցությունը բարձր է, նրանց պատասխանատվությունն այլ մակարդակի է»:
Ինչ վերաբերում է զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձանց կողմից զինվորական համազգեստի կրումն արգելելու դրույթին, նա նշեց. «Դա ավանդական, դասական խնդիր է բոլոր բանակներում: Զինվորական համազգեստը քաղաքացիական հատկապես ոչ հարիր, տարատեսակ շինարարական, բանվորական և այլ միջավայրերում օգտագործելը խնդրահարույց է: Ես չգիտեմ՝ վերջնական լուծումը ինչպես պետք է լինի: Այո, այդ մասով էլ պետք է պայքարել, փորձել կանխել: Սա հեղինակության խնդիր է առաջին հերթին քո պատվի, քո արժանապատվության առումով: Պետք է հնարավորինս այնպես անել, որ չօգտագործվի զինվորական համազգեստը այլ նպատակներով»:







































