Էբոթսֆորդ կալվածքում, որը կառուցվել է շոտլանդացի գրող Վալտեր Սքոթի կողմից, հայտնաբերվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի մազափունջը, գրում է BBC-ն: Այն հայտնաբերվել է BBC-ի Antiques Road Trip ծրագրի նկարահանումների ժամանակ:
Ծրագիրը վարող հնությունների մասնագետ Անիտա Մենինգն ուսումնասիրում էր Էբոթսֆորդի ցուցանմուշներից մեկը` Նապոլեոն Բոնապարտին պատկանող ալբոմը: Նրանում Մենինգը հայտնաբերել է նամակ, որի մեջ էլ հենց դրված է եղել կայսեր մազափունջը: Նամակում, որն ուղղված է Վալտեր Սքոթին, ոմն Դալթոն պատմում է, որ մազափունջն իրեն է փոխանցել լեյտենանտ Քոլ Էլֆինսթոունը, որը ծառայել է Վելինգթոնի մոտ:
Ներկա պահին ալբոմը, նամակն ու մազափունջը փոխանցել են մասնագետներին, որոնք պետք է ուսումնասիրեն այն: Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ դրանից հետո հայտնաբերվածը ցուցադրվելու է բոլորի համար:







































