«Ինչո՞ւ են մարդիկ քարկոծում, թող մի քիչ Աստվածաշունչ կարդան, հետևեն աստվածաշնչյան կանոններին: Աստվածաշունչն ասում է`ամեն մարդ քար գցելուց առաջ թող հետ նայի, տեսնի`ինքն ի՞նչ է արել». մեկնաբանելով Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ո՞ւր է իմ տղամարդը» և «Կարգին սերիալ» հեռուստասերիալների դերասանուհի Անժելա Սարգսյանի անձի հանդեպ առաջացած հասարակական հետաքրքրությունը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Նադեժդա Սարգսյանը:
«Ամեն մարդ էլ նախկինում ինչ-որ սխալ գործել է: Դերասանների ու ընդհանրապես ինչ-որ մեկի անձնական կյանքին ոչ ոք իրավունք չունի խառնվել: Ես դեմ եմ դրան, եղել եմ ու կլինեմ: Երևի լավ է խաղացել իր դերերը, գուցե նախանձել են…»,- ասաց երգչուհին:
«Ինչ-որ մեկն իր վրա պատասխանատվություն է վերցրել այդ աղջկան քարկոծելու՝ իր ճանապարհն առաջ տանելու համար: Գուցե ով գրում է՝ հենց ինքն է քարկոծողը»,- հավելեց Ն. Սարգսյանը:









































