Ռուսաստանի ՆԳՆ Միգրացիոն հարցերի գլխավոր վարչությունը հրապարակել է
Միգրացիոն հաշվառման նոր տվյալներ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2021 թվականի դեկտեմբերի 29-ից ՌԴ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար օրենսդրական փոփոխություններ էր արել, որով խստացրել էր այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը։ Ըստ այդ փոփոխությունների՝ նրանք պետք է անցնեն դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն։
Խստացումների արդյունքում մենք ունենք հետևյալ պատկերը։ Եվ այսպես, 2021-ի հունվարի 1-դեկտեմբերի 31-ի դրությամբ միգրացիոն հաշվառման է կանգնել 578 779 հոգի, միգրացիոն հաշվառումից հանվել է 426 254, մուտք՝ աշխատելու նպատակով 389 809, աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրի առկայություն 138 946, իսկ քաղաքացիություն ձեռք բերելու համար 46 931։ Իսկ արդեն 2022-ին միգրացիոն հաշվառման է կանգնել 509 812-ը, իսկ միգրացիոն հաշվառումից հանվել է 441 351-ը։ աշխատելու նպատակով մուտք 332 199, աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրի առկայություն 108 128-ը, իսկ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմել է 45 086-ը։
«Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ունենք բավականին նվազում:
«Միգրացիոն հաշվառումից հանվողների թիվ ունենք, որը գերազանցել է նախորդ տարվան։ Դա նշանակում է, որ և՛ գնացողների, և՛ հաշվառման կանգնողների թիվն է նվազել այս տարի: Հաշվառումից դուրս եկողների թիվը ևս նվազել է: Նվազել է նաև աշխատելու նպատակով մուտք գործողների թիվը, աշխատանքային պայմանագրերի թիվը: Ճիշտ է մի փոքր, բայց մոտ 2 հազարով կրճատվել է քաղաքացիություն ձեռք բերողների թիվը: Բոլոր առումներով, 2022-ին տեսնում ենք միգրացիոն թվերի նվազում»,-ասաց Բեժանյանը:
Նրա խոսքով՝ սա հիմնականում պայմանավորված է ՌԴ-ում տիրող իրավիճակով և միգրացիոն օրենսդրության փոփոխությամբ: Միգրացիոն հաշվառումից հանվողների թվի աճը Բեժանյանը պայմանավորում է նրանով, որ սահմանված ժամկետում չեն անցել բուժզննում ու չեն հանձնել մատնահետք:
«Մեր քաղաքացիների մեջ բավական մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք չեն հասցրել ժամկետներում անցնել բուժզննում: Այսինքն՝ աշխատանքի նպատակով մեկնողները պարտավոր էին 30 օրացուցային օրվա ընթացքում կանգնել միգրացիոն հաշվառման, անցնել բուժզննում, հանձնել մատնահետք: Դա չանելու դեպքում իրենք միգրացիոն հաշվառումը 30 օր հետո կարող են դադարեցնել: Նրանք, որոնք ոչ աշխատելու նպատակով են մեկնել, բայց պատրաստվում էին 90 օրից ավելի գտնվել ՌԴ տարածքում, նրանք ունեին 90 օր ժամկետ անցնելու բուժզննում, հանձնելու մատնահետք: Եթե նրանք ևս դա ժամկետի մեջ չեն անում, նրանց դեպքում էլ 90 օր անց կարող են չերկարացնել հաշվառումը և նրանք դուրս են գալիս միգրացիոն հաշվառումից»,-ասաց Բեժանյանը:
Նրա կարծիքով՝ միգրացիոն հաշվառումից հանելու թվերի աճը պայմանավորված է այդ ներքին փոփոխությամբ:
«Դա չի նշանակում, որ նրանք բոլորը հատել են սահմանը կամ վերադարձել են Հայաստան: Հնարավոր է, որ նրանց մի մասը դեռևս գտնվում է ՌԴ տարածքում: Իսկ դա նշանակում է, որ նրանք արդեն ունեն մուտքի արգելք ստանալու բոլոր հիմքերը: Միգրացիոն հաշվառում չունենալը մուտքի արգելքի հիմքերից մեկն է: Օրինակ՝ երբ օտարերկրացին սահմանը հատում է, ավտոմատ հաշվառումից դուրս է գալիս»,-ասաց նա:
Բեժանյանը նաև հավելեց, որ հիմա Ռուսաստանում օտարերկացիներին փորձում են ամեն կերպ ներգրավել ռազմական գործողությունների մեջ. «Այո, այդ խնդիրը կա, մոբիլիզացիան էլ փորձում են ներգրավել օտարերկրացիներին՝ կլինի ստիպելով, համոզելով: Բոլոր հնարավոր տարբերակները կիրառում են: Որքանով դա իրենց կհաջողվի, չեմ կարող ասել, բայց բոլոր հնարավոր միջոցների դիմում են: Ես գիտեմ ձևաթղթի մի տարբերակ, որտեղ և ռուսերենով, և օտարերկրացուն հասանելի լեզվով փորձում են համոզել, որ մարդիկ պայմանագիր կնքեն և գնան մասնակցեն ռազմական գործողությունների Ուկրաինայում»:




































