«Ինչպե՞ս մենք կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել այն նեոգաղութատիրական Ռուսաստանի կողմից, որին ես քիչ առաջ նկարագրեցի։ Ես դա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում կողքին կշարունակենք լինել և կշարունակենք գործել», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ընթացքում:
Հաճելի է լսել, որ Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին և կշարունակի գործել: Սակայն ուշադրության է արժանի այն, թե ինչու՞ է Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանի կովկասյան ապակառուցողականության մասին խոսելիս ընդգծում Հայաստանի վարչապետի ներկայությունը: Դրանով նա Նիկոլ Փաշինյանին դարձնում է իր խոսքի «համահեղինա՞կ», թե՞ Մակրոնի ընդգծումը նշանակում էր, որ Փաշինյանը իր գնահատականին համաձայն չէ, սակայն չնայած դրան ինքը կշարունակի մնալ Փաշինյանի կողքին:
Համաձայնեք, որ բավականին բազմիմաստ արտահայտություն է և մատնանշում՝ Հայաստանի վարչապետի ներկայությունը Ռուսաստանի ապակառուցողականության մասին Ֆրանսիայի նախագահի ելույթի ընթացքում: Բազմիմաստ, ինչպես օրինակ բազմիմաստ է գրեթե հույն ժամերին Գազպրոմ Արմենիա ընկերության տարածած հայտարարությունը, թե Ստավրոպոլի շրջանում փետրվարի 14-ի ժամը 16-ից խցանված է Հյուսիսային Կովկաս-Ադնրկովկաս գազատարը, ինչի հետևանքով Հայաստան գազը մատակարարվում է ոչ ամբողջական ծավալով, և ինչի պատճառով էլ դադարեցնում են մի շարք գազալցակայանների աշխատանք, որ մյուս սպառողների մատակարարումը իրականացվի անխափան: Որևէ մեկը շատ վաղուց չունի կասկած, որ գազը և գազի խողովակը Ռուսաստանի համար ոչ միայն տնտեսություն է, այլև քաղաքականություն ու քաղաքական կարկանդակ կամ մտրակ:
Դժվար է ասել, «Գազպրոմ Արմենիայի» հայտարարությունը մտրա՞կ է, թե՞ առայժմ պարզապես կարկանդակից կտրվելու զգուշացում: Բայց այդ հայտարարությունը խիստ խորհրդանշական է հնչում Ֆրանսիայի նախագահի մյունխենյան ելույթի ֆոնին: Գուցե թե ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, բայց կասկած չկա, որ առավել ևս այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների, ու հատկապես Արևմուտքից հնչող հայտարարությունների ֆոնին այն ունենալու է հենց քաղաքական ընկալում առաջին հերթին հանրության շրջանում: Այլ է հարցը, թե ինչ «շարունակություն» է ունենալու այդ ընկալումը՝ Ռուսաստանի՞ց դժգոհության աճ, թե՞ Ռուսաստանի հետ հարաբերությունը վտանգավոր հետևանքով «փչացնելու» համար դժգոհության աճ իշխանությունից: Այս հարցերը, որքան էլ այս կամ այն բևեռում ունեն աներկբա պատասխաններ, հանրային լայն իմաստի տեսանկյունից մեղմ ասած միարժեք պատասխանով չեն: Իսկ խնդիրն էլ ամենևին գազամատակարարումը չէ: Խնդիրն այն է, որ որևէ կերպ անթույլատրելի է «երկու հայտարարությունների» միջև սեղմվելու՝ Հայաստանի հեռանկարը: Միաժամանակ, Հայաստանին ոչ թե ընտրություն կամ կողմնորոշում, վերակողմնորոշում, այլ պետք է խաղի տարածություն: Սա է Հայաստանի խնդիրը: Մնացյալը օտար խնդիրներ են:









































