ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել է, որ Լավրովի հատուկ ներկայացուցիչ Խովաևը Երևան և Բաքու այցերի ընթացքում ունեցել է օգտակար քննարկումներ, շփումներ: Ըստ Զախարովայի, Երևանը և Բաքուն հաստատել են Ռուսաստանի միջնորդությամբ իրենց հետաքրքրվածությունը և Մոսկվան պատրաստ է կազմակերպել հանդիպում խաղաղության պայմանագրի թեմայով: Զախարովան ասել է, թե չի ցանկանում մանրամասնել Խովաևի այցը՝ թեմայի զգայունության պատճառով: Ինչ մանրամասներ է, որ չի հանրայնացում Զախարովան, կան դրանք իրապես, թե ոչ, հարց է, բայց թերևս անկասկած է, որ Բաքուն ու Երևանը դեմ չեն արտահայտվի Մոսկվայի միջնորդությանը: Դեմ չեն արտահայտվի որևէ մեկի միջնորդությանը, բայց հարցն այն է, թե գործնական քաղաքականության առումով ինչպիսին կլինի պատկերը: Օրինակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության պայմանագրի ռուսական հայտնի առաջարկից, որով նախատեսվում է արձանագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետաձգում, դրանով ըստ էության հարվածում է ռուսական միջնորդությանը, որովհետև այդ կետում միջնորդությունը արգելակվում է:
Փոխարենը, բացվում է դաշտ այլ միջնորդությունների համար, որոնց նախաձեռնողները կամ հավակնորդները Բաքվին առնվազն չեն առաջարկում կարգավիճակի հարցի հետաձգում: Այդպիսով, Ադրբեջանը գործնականում գործում է ռուսական միջնորդության դեմ, բայց դրա դեմ էլ Մոսկվան իր հերթին չունի անելու ոչինչ, թեև ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինն օրինակ Ադրբեջանի Մեջլիսի նախագահի հետ մոսկովյան հանդիպմանը թերևս հենց Բաքվին էր ակնարկում, որ Եվրոպային ապավինելը կարող է դառնալ վտանգավոր: Որովհետև Բաքուն իսկապես ապավինում է Եվրոպային, սակայն ոչ թե Ռուսաստանին փոխարինելու, այլ պարզապես Ռուսաստանի «քթից ման ածելու» համար, այդ կերպ փորձելով կորզել առավելագույնը, ինչ կարող անել Մոսկվան Կովկասում: Իսկ Բաքվի պատկերացմամբ, առավելագույնը, որ Մոսկվան կարող է անել թերևս Կովկասում՝ Հայաստանի հանդեպ ճնշում բանեցնելն ու Հայաստանի զիջումների գնով Ադրբեջանի և Թուրքիայի հետ պայմանավորվելն է: Արդարացվա՞ծ է Բաքվի այդ պատկերացումն ամբողջությամբ, թե ոչ, սա իհարկե դժվար է ասել: Համենայն դեպս կասկածից վեր է, որ հատկապես ուկրաինական արշավը Ռուսաստանին էապես սահմանափակել է այլ ռեգիոններում, հատկապես Կովկասում գործողությունների մեծ հնարավորությունից, քանի որ էապես մեծացել է Թուրքիայի և Ադրբեջանի կարևորությունը: Այդ իրավիճակը մի «ոսկեբեր գետակ» է, որ Բաքուն փորձում է շահագործել, սակայն նաև հարց թե, թե արդյո՞ք «գետն ամեն անգամ գերան կբերի»:
Բարակ չէ՞ ռետինը, որ Բաքուն փորձում է զգուշորեն քաշել, երբ կարող է բթանալ զգուշության զգացումը: Ամբողջ խնդիրն այստեղ այն է, որ դա ռեգիոնալ կայունության համար պակաս զգայուն հարց չէ, որքան օրինակ Հայաստանի համար անմիջական ռիսկ ներկայացնող մարտահրավերներն են: Որովհետև, թերևս փոքր ինչ թյուրըմբռնում կարող է լինել այն, որ Բաքվին պատժելը ինքնաբերաբար ենթադրելու է մրցանակ Հայաստանին: Այդ իմաստով գուցե առավել նախընտրելի է, որ Ալիևը գիտակցված դադարի ձգել ռետինը: Համենայն դեպս այստեղ թերևս կա մտածելու տեղիք՝ Հայաստանի և Արցախի մասին մտածելու: Այդ իմաստով է ի վերջո, որ Ալիևն իր քաղաքականության վտանգավոր է դարձել ամբողջ ռեգիոնի համար:










































