Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կախեթիի խաղողագործական շրջաններից մեկում հանդիպում է ունեցել տեղական իշխանության ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով գինեգործության խնդրին.
«Մեզ համար Կախեթիի խաղողահավաքը սովորական երևույթ չէ, այն շատ կարևոր արմատական քաղաքական հարց է։ Խաղողն ու գինին մեր ինքնության հարցն են, մեր մշակութային անձնագիրը, մեր հպարտությունը, ինքնագիտակցությունը, էությունը։
Մենք պետք է շատ աշխատենք, որպեսզի ավելի հանրաճանաչ դարձնենք մեր գինին, քանի որ, կրկնում եմ, դա քաղաքակիրթ աշխարհում մեր անձնագիրն է։ Ռուսաստանը, արգելելով վրացական գինու ներկրումը, կարծում էր, թե կախեթցիները ոտքի կկանգնեն՝ ընդդեմ կառավարության։ Ի չիք դարձան նաև Վրաստանի տնտեսության փլուզմանն առնչվող Ռուսաստանի հույսերը։
Սակայն Վրաստանը բարելավել է գինու որակը և դիվերսիֆիկացրել գինու արտահանման շուկաները։ Անգամ եթե Ռուսաստանը վրացական գինու համար բացի իր շուկան, նա կարող է մի գեղեցիկ օր նորից փակել այն։ Մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք բալթյան, լեհական և ամերիկյան շուկաների վրա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ եթե տարեկան Վրաստան այցելի 5 միլիոն զբոսաշրջիկ, ապա վրացական գինին կարող է սպառվել երկրի ներսում և չարտահանվել։








































