Կառավարության փետրվարի 9-ի նիստին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով հանրային կառավարման ընթացակարգերին, նշել է, որ պետք է հանրային կառավարման կառուցակարգերն այնպես փոխվեն, որ չինովնիկը չունենա ազատության աստիճան, և բոլոր որոշումները կայացվեն ալգորիթմական պրինցիպով. պաշտոնյաների հայեցողության նվազումը կնվազեցնի նաև կոռուպցիոն ռիսկերը:
Տիգրան Խաչատրյանն էլ որոշակիորեն հակադարձել է այդ մտքին՝ ասելով, որ պաշտոնյաները պետք է ունենան որոշումներ կայացնելու տեղ ու պատասխանատվություն կրեն իրենց կայացրած որոշումների համար. պատասխանատվության ինստիտուտը կհանգեցնի կոռուպցիայի նվազեցմանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ կառավարության այս երկու անդամների բանավեճը իրականում շատ կարևոր էր, և հանրային կառավարման երկու՝ որոշակի առումով մրցակցող մոդելների մասին է խոսքը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ մեծ հաշվով լավ է, որ կառավարության նիստին գործադիրի երկու անդամները բաց ասում են, որ իրար հետ համաձայն չեն, և դա լավ է, նորմալ է: «Մյուս կողմից թեման, որ բարձրացրին նրանք, հետաքրքիր էր, որը սակայն հասարակության մեջ չքննարկվեց։ Թե Նիկոլ Փաշինյանի վարորդի օգնականի տեղակալը ինչ կոշիկ առավ, դա ավելի շատ կքննարկվեր, բայց այս կարևոր թեման չքննարկվեց: Չքննարկվեց, թե չինովնիկը պետք է ունենա ազատության որոշակի աստիճա՞ն, թե՞ պետք է գործի ալգորիթմական տեմպով։ Ցավոք սրտի, ոսկե միջինը նրանց երկուսի ասածի արանքում էր, բայց որևէ մեկի ուշադրությունը չգրավեց դա, ինչը ևս պայմանավորված է նրանով, որ հասարակությունը անգրագետ է։
Հասարակությունը կարևորը երկրորդականից տարբերակելու խնդիր ունի»,-ասաց Իոաննիսյանը:
Իր հերթին «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց, որ իրականում ամենակարևոր մասը պատասխաատվության առկայությունն է. «Իսկ ով է ասել, որ բոլոր որոշումները պետք է կայացվեն մեկ կենտրոնից ու այդ կենտրոնը թագավորն է: Եթե չեմ սխալվում, մենք հանրապետություն ենք, իսկ հանրապետությունն ունի որոշակի կառուցվածք՝ իր առանձնահատկություններով, որտեղ ամեն մեկն իր տեղում պետք է իր որոշումները կայացնի: Բայց բոլորը սպասում են թագավորի որոշմանը, ոչ մեկը չի ուզում պատասխանատվություն վերցնել: Քանի դեռ պատասխանատվության հարցը լուծված չէ և չինովնիկը պատրաստ չէ պատասխանատվությունն իր վրա վերցնելու, ոչ մի ազատության մասին հնարավոր չի լինելու խոսել:
Ազատությունը սանձարձակություն չէ, ինչ ուզել անել չի, մինչև հիմա էլ այդպես անում են: Կամ էլ սպասում են հրահանգի, հետո ասում են՝ ես հրահանգ եմ կատարել: Մինչև պաշտոնի նշանակվող մարդու մոտ գիտակցություն չլինի, որ ա. Ինքը համապատասխանո՞ւմ է պաշտոնին, թե ոչ, բ. Ինքը պատրա՞ստ է այդ ոլորտում որոշումներ կայացնել, անգամ դժվար որոշումներ, գ. Ինքը պատրա՞ստ է դրա համար պատասխանատվություն կրել, թե ոչ, ինչ օրենսդրություն ուսում ես փոխիր, ինչ ուզում ես՝ արա, միևնույն է, ոչինչ էլ չի փոխվելու»,-ասաց նա:
Կարապետյանցի խոսքով՝ մեզ մոտ մարդիկ նշանակվում են պաշտոնի առանց ուղեղին զոռ տալու, առանց մտածելու՝ իրենք համապատասխանում են այդ պաշտոնին, թե ոչ, պատրա՞ստ են այդ բեռը կրել, թե ոչ. «Շատերի համար պաշտոնը պարզապես կոմֆորտ է, կաբինետ, ուղեկցող մեքենա, անձնակազմ է, որ իր բոլոր հրահանգները կկատարի: Դա նախևառաջ մեծագույն պատասխանատվություն է, բայց այդ գիտակցությունը ոչ ունեցել են, ոչ էլ ունեն: Թե նախկինում, թե հիմա իրենք ունեն կամ կլանային շահ, կամ նեղ անձնային հետաքրքրություն: Հնարավոր է, բացառիկ դեպքեր լինեն, երբ մարդիկ գիտակցում են իրենց պատասխանատվությունը, բայց մեծ մասամբ ոչ: Որովհետև այն հեշտությունը, որոնք իրենք պաշտոններ են փոխում, այն հեշտությունը, որոնք իրենք ստանձնում են պաշտոններ, որոնց չեն համապատասխանում, հետո էլ այդ պաշտոնը թողնում, գնում են ոչ պակաս կարևոր ու պատասխանատու պաշտոն զբաղեցնում, խոսում է այն մասին, որ նրանք բացարձակ պատասխանատվություն չունեն: Քանի դեռ այդ պատասխանատվությունը չկա, մնացածը ձևական խոսակցություններ են»,- իր խոսքն ամփոփեց իրավապաշտպանը:









































