Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է արտգործնախարարությանը պատրաստել իր պաշտոնական այցը Գազայի հատված:
Արտաքին գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք այժմ հնարավորինս հարմար ժամկետ են փորձում ընտրել վարչապետի այցի համար: «Այցի նպատակը Գազայի հանդեպ Իսրայելի կողմից անազնիվ էմբարգո կիրառելու մասին միջազգային հանրության ուշադրության գրավումն է»` հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ինչպես հայտնում է mignews.com կայքը, Թուրքիայի կառավարության մեկ այլ ներկայացուցիչ հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Իսրայելն այլևս չի կարողանալու հարձակվել քաղաքացիական նավերի վրա:
Թուրքիան մտադիր է նաև հայտնվել Իսրայելի և Կիպրոսի միջև ընկած ջրային տարածքում, որը հայտարարվել է իսրայելակիպրոսական տնտեսական գոտի և որտեղ այդ երկու երկրները մտադիր են գազի արդյունահանմամբ զբաղվել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի իսրայելական հատուկ ստորաբաժանումները հարձակվել էին Գազա ուևորվող նավերի վրա, ինչի արդյունքում սպանվել էին Թուրքիայի 9 քաղաքացիներ: Դա պատճառ հանդիսացավ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման համար: Թուրքիայի արտգործնախարարը նախօրեին հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայի շրջափակման փաստի կապակցությամբ Անկարան դիմելու է միջազգային դատարան:









































