Սեպտեմբերի 1-ին Ղազախստանի պետական «Ղազախստան» հեռուստաալիքը դադարեցրել է ռուսերենով հաղորդումների ցուցադրությունը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը: Այն, որ հեռուստաալիքը այս տարվա սեպտեմբերից հեռարձակելու է բացառապես ղազախերենով հաղորդումներ, այս տարվա մայիսին հայտարարել էր Նուրսուլթան Նազարբաևը:
Հայտնի է, որ ռուսական խմբագրությունը ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը, իսկ կրճատումները սկսվել էին դեռ այս տարվա ամռանը: Ղազախերենի կիրառման քարոզարշավը արդեն ակտիվ տարվում է վերջին ամիսների ընթացքում: 2011թ. փետրվարին պարզվել էր, որ հեռուստահաղորդումների միայն 10%-ն է ղազախերենով, մնացածը` այդ երկրում պաշտոնական կարգավիճակ ունեցող ռուսերենով էր: Ղազախական Nur.kz կայքի հաղորդմամբ՝ դրանից հետո իշխանությունները խորհուրդ են տվել հեռուստաալիքներին ավելի մեծ ուշադրություն դարձնել պետական լեզվով պատրաստվող հաղորդումներին: