Ազդարարվել է Մոսկվայում Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման մասին: Հիշենք, որ օրեր առաջ էլ Մոսկվայում տեղի ունեցավ հանդիպում Սիիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների ու հետախուզությունների ղեկավարների միջև: Այդ հանդիպումները տեղի են ունենում ՌԴ միջնորդությամբ: Ըստ ամենայնի, դրանք տանում են դեպի Ասադ-Էրդողան-Պուտին հանդիպման, որի վերաբերյալ հայտարարում է նաև Թուրքիայի նախագահը: Դրա մասին հայտարարվեց շաբաթներ առաջ: Թուրք-սիրիական հարաբերության կարգավորման գործընթացը անկասկած լինելու է ռեգիոնալ էական նշանակության հարց, որը ի զորու է փոխել իրողությունների տրամաբանությունը մեծ մերձավորարևելյան ռեգիոնում:
Ու՞մ է ավելի շատ անհրաժեշտ այդ կարգավորումը՝ Թուրքիայի՞ն, թե՞ Ռուսաստանին: Այստեղ պատկերը կարող է լինել բավականին հարաբերական, որովհետև սիրիական հարցը Թուրքիայի համար կարծես թե մշտապես եղել է ՌԴ հանդեպ որոշակի խաղաքարտ: Այսօր սակայն, Թուրքիայի նախագահը ունի 2023-ի նախագահի ընտրության, ավելի շուտ վերընտրության, վերարտադրության հարց, որտեղ Ռուսաստանի աջակցությունը ունի մեծ նշանակություն: Այդ առումով, չի բացառվում, որ Էրդողանն այդ աջակցությունը ստանալու համար փորձի նաև գնալ Ասադի հետ հարաբերության կարգավորման, այդ կերպ ընդառաջելով Պուտինին: Բայց, որքա՞ն կտևի այդ գործընթացը և կլինի՞ կայուն, թե՞ Էրրդողանը կփորձի ժամանակ շահել մինչև նախագահի ընտրություն, իսկ այդ հարցը լուծելուց հետո կհրաժարվի Սիրիայի հետ կարգավորման խաղից:
Իհարկե Մոսկվան չի կարող հաշվի չառնել իրերի այդպիսի ընթացքը և հավանական է, որ կփորձի մինչ այդ հասնել այնպիսի հանգրվանի, որն Էրդողանին թույլ չի տա փոխել տրամաբանությունը նախագահի ընտրությունից հետո: Այս բարդ խաղի համատեքստում թերևս արժե դիտարկել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հանգամանքը, որտեղ անշուշտ «կուտակված» են մի շարք աշխարհաքաղաքական և աշխարհտնտեսական գործոններ:Չի բացառվում, որ Լաչինի միջանցքում կատարված «խաղադրույքների» շարքում է նաև Թուրքիայի նախագահի ընտրությունը և այդ հարցում Ռուսաստանի աջակցության էական կարիքն ունեցող Էրդողանը փորձում է նաև իր համար ապահովել որոշակի «հակախաղի» հնարավորություն, այդ աջակցության և վերընտրության համար Մոսկվային հնարավորինս քիչ գին վճարելու նպատակով:








































