«Արցախը 88թ.-ի զարթոնքի պահից ձեռք բերեց ֆանտաստիկ որակներ: Արցախը այդ զարթոնքի աղբյուրն էր, բայց նաև զարթոնքի կրողը, այդ զարթոնքը դարձրեց իրենը և մեր ամբողջ ժողովրդինը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում գնահատելով Արցախի անկախության անցած 20 տարիները՝ կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նա նշեց, որ 88-ի զարթոնքից հետո Արցախը զարմանալի մի երկիր էր, զարմանալի ժողովրդով և իրոք անկախ` անկախության ամենաբարձր իմաստով: Ըստ Մանուչարյանի՝ իր այս որակներով, Արցախն ուրույն էր և դժվար է անգամ համեմատել այլ՝ աշխարհում կատարված նմանատիպ օրինակների հետ: Սակայն, Մանուչարյանի խոսքերով, պատերազմի ավարտից հետո Արցախում սկսվեց սրընթաց անկում և հետդարձ անկախությունից:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամը նկատեց, որ Հայաստանն ու Արցախը տարբեր կայսրություններ են նվաճել, սակայն երբևիցե մենք չենք եղել այնքան կախյալ, ինչքան այժմ ենք. «Եթե անցյալում զինվորը պետք է կանգներ մեր հողում և մեզ թելադրեր ուրիշ բարքեր, այժմ մենք ինքներս ենք ընդունել ուրիշ կրոն, ուրիշ բարքեր, ուրիշ փիլիսոփայություն` փողի, հարստության փիլիսոփայությունը: Այսպիսին է Արցախի այսօրվա վիճակը»:
Այդուամենայնիվ, Մանուչարյանը ընդգծեց, որ այսօրվա Արցախում մեկ հույս կա` Արցախը ըմբոստ է և ներկայիս կախյալ վիճակից դուրս է գալու ճիշտ այնպես, ինչպես դուրս եկավ տարիներ առաջ. «Այս նոր անկախ պետության ուղին լինելու է շատ ավելի վեհ, շատ ավելի պայծառ և ամենակարևորը` շատ ավելի գիտակցված, քան նախկինն էր»:









































