«Ցավոք, այսօր ոգեղենությունն է կորել, պատերազմի ժամանակ չկային այնպիսի դեպքեր, որ բանակի ներսում միմյանց սպանեին, որ տարբերակեին ղարաբաղցի և հայաստանցի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով Արցախի անկախության 20 տարիները՝ կարծիք հայտնեց ազատամարտիկ, ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանը:
Նա նշեց, որ պատերազմում մեր հաղթանակը պայմանավորված էր հենց այն ոգեղեն, մտերմիկ ու հարազատ մթնոլորտով, որը տիրում էր թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Մալխասյանի խոսքերով՝ անկախության մասին հայ ժողովուրդը միշտ էլ երազել է, սակայն այսօր անկախության էությունն իրապես այդպիսին չէ, քանզի ժողովուրդն այսօր իրեն անկախ չի զգում ու չի հավատում այդ անկախությանը, և այդ է պատճառը, որ հայրենի հողից հեռանում են:
Հարցին, թե անկախության 20 տարիների ընթացքում ե՞րբ է Արցախն առավել ուժեղ ու իրապես անկախ եղել, Մալխասյանը պատասխանեց. «Ամենաուժեղը Արցախը եղել է 90-ականներին, երբ մենք հաղթեցինք անհամեմատ ավելի լավ զինված թշնամուն: Այն ժամանակ չկար հատվածային հայրենասիրություն, յուրաքանչյուր տան դուռ Արցախում բաց էր մեր առջև, և մեզ ընդունում էին մեծ սիրով»:
Մալխասյանը նկատեց, որ հայ ժողովուրդն իսկապես անկախ կլինի, երբ սիրի ու վստահի իր առաջնորդներին, մի բան, որ այսօր չկա:
Խոսելով բանակցային գործընթացի մասին՝Մալխասյանը նշեց, որ Արցախը բանակցություններում ուժեղ էր այն ժամանակ, երբ բանակցային կողմ էր. «Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով Արցախը հանվեց բանակցություններից և թուլացավ, որովհետև քանի դեռ Արցախը բանակցային կողմ չէ, իրենից որպես սուբյեկտ ոչ մի բան չի ներկայացնում»:
Ազատամարտիկը ցավ հայտնեց, որ այսօր ղարաբաղցին հեռանում է իր հողից, և այն բոլոր թվերը, որ ներկայացվում են, ևս սուտ են. «Եթե ազատագրված տարածքներից որևէ շրջան հանձնեն, ապա դուրս եկողների թիվը տասնապատիկ կշատանա, և մենք առանց փամփուշտի կհանձնենք թշնամուն: Մենք պետք է կանխենք այդ ամենը»:









































