Մանկապղծության մեղադրանքով դատվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատական գործը վերածվում է Հայաստանի հանրապետության դատական գործի: Այն, ինչ կատարվում է դատարանում, կարծես թե վեր է բանականության սահմաններից և ենթակա չէ որևէ տրամաբանության. Ծնողները արդարացնում են իրենց երեխաների հետ սեռական կապի մեջ մտած մանկապիղծ մարդուն, որովհետև նա փող է տվել իրենց, պահել է իրենց զավակներին ու իրենց ընտանիքները:
Սա սարսափելի է, ու սարսափելի խորհրդանշականությամբ էլ այդ գործը երևի թե բացվել է անկախության քսանամյակին, ցույց տալով, թե իրականում ուր է հասել Հայաստանն այդ 20 տարիների ընթացքում, ինչ ենք կորցրել մենք այս ընթացքում, ինչ սարսափելի, անասնական արատներ ենք ձեռք բերել: Հասարակական բարոյականության խորագույն անկման ականատեսն ենք մենք ի դեմս Սերոբ Տեր-Պողոսյանի գործի, որը լակմուսի թղթի նման ցույց է տալիս Հայաստանի Հանրապետություն կոչվող պետական միավորի տոտալ դեգրադացիայի աստիճանը:
Հայաստանի քաղաքացին հասել է մի վիճակի, երբ կարող է արդարացնել իր զավակին պղծած անձնավորությանը, հանուն մի կտոր հացի, հանուն մի երկու կոպեկ փողի; Ու ինչքան էլ մենք դատապարտենք և մեղադրենք այդ ծնողին, միևնույն է, նրա վարքը, նրա կերպը, նրա տեսակը ընդամենը հետևանք է այն ընթացքի, որով շարժվել է Հայաստանը այս քսան տարիների ընթացքում: Այդ ընթացքը հասարակության, մարդու մեջ սպառել է մարդկայինը, սպառել է բանականը, մարդկանց կապել է մի կտոր հացից, դրանով իսկ ձևավորելով հանցագործությունների մի հսկա շղթայի ալիբի, որ թույլ է տվել և թույլ է տալիս, ու դեռ մտադիր է թույլ տալ Հայաստանի իշխանական դաս կամ այսպես ասած իշխող էլիտա կոչվող շերտը, որն իրականում իհարկե հեռու է էլիտա կամ դաս համարվելուց, քանի որ ընդամենը ընչաքաղց անձանց մի խումբ է, որոնց համար նպատակը արդարացնում է միջոցները:
Իսկ նպատակը հարստության և իշխանության գերկուտակումն է: Իրականում, ցավալիորեն, դժբախտաբար, սեռական ոտնձգության ենթարկված երեխաներն ու նրանց զավակներն են այսօր Հայաստանը, ոչ թե Շարմի թռչկոտող հերոսները կամ նրանց վեր թռցնող իշխանությունը, որը իրական քաղաքացուն փորձել է այս ընթացքում գցել որքան հնարավոր է ցած: Որևէ թշնամի երևի թե չէր կարող այս աստիճան նվաստացնել հայաստանցիներին, որքան նվաստացրել է Հայաստանի իշխանական համակարգը, Հայաստանում իշխող արժեհամակարգը, Հայաստանում իշխող տեսակը:











































