The Independent-ին տված հարցազրույցում Լիբիայի ապստամբների գլխավոր հրամանատար Աբդ Ալ-Հաքիմ Բելհաջը պատմել է, որ ԱՄՆ հետախուզությունների կենտրոնական վարչության աշխատակիցներն իրեն կտտանքների են ենթարկել 2004 թվականին, այն բանից հետո, երբ իրեն ձերբակալել էին Մալայզիայում:
Նրան ձերբակալել են իր հղի կնոջ հետ և մեղադրել ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ: Ձերբակալությունից հետո նրան տեղափոխել են Թայլանդ, որտեղ և կտտանքների են ենթարկել, որից հետո նրան հանձնել են Քադաֆիին: Բելհաջը պատմել է, որ Քադաֆին իրեն բանտարկել է Տրիպոլիի «Աբու Սալիմ» բանտում, որտեղ ինքը 7 տարի է անցկացրել:
Բելհաջն ասել է, որ բանտում իրեն տանջանքների են ենթարկել և նույնիսկ 3 տարի թույլ չեն տվել լոգանք ընդունել: Նա հայտարարել է, որ եթե մի օր ունենա հնարավորություն, ապա կփորձի իրավական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Բելհաջն ազատվել է բանտից 2010 թ. և, ինչպես կարծում են արևմտյան դիվանագետները, որոշիչ ներդրում է ունեցել Տրիպոլիի գրավման գործում: Բացի այդ, The Independent-ը նշում է, որ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլը միշտ հետևում է նրա խորհուրդներին:










































