Միացյալ Նահանգները հունվարի 5-ից Չինաստանից ժամանող բոլոր ուղևորներից կորոնավիրուսի SARS-CoV-2 թեստի բացասական արդյունք կպահանջի: Այս մասին տեղեկանում է Deutsche welle պարբերականից: Մայրցամաքային Չինաստանից, Հոնկոնգից կամ Մակաոյից Միացյալ Նահանգներ մեկնելիս անհրաժեշտ կլինի ավիաընկերությանը ներկայացնել ՊՇՌ թեստի կամ հակամարմինների թեստի արդյունքը:
Կարելի է ներկայացնել նաև վկայական COVID-19-ից վերջերս ապաքինվելու մասին։ Սահմանափակումները վերաբերում են նաև Չինաստանի այն քաղաքացիներին, ովքեր Միացյալ Նահանգներ են ժամանում երրորդ երկրների միջոցով: Ավելի վաղ Չինաստանից ժամանած ուղևորների նկատմամբ նմանատիպ միջոցներ են սահմանել նաև Իտալիայի, Ճապոնիայի և Հնդկաստանի իշխանությունները։
Նրանք բոլորը մտահոգված են COVID-19-ով վարակումների նոր հզոր ալիքի պատճառով, որը բարձրացել է Չինաստանում այն բանից հետո, երբ երկրի ղեկավարությունը դեկտեմբերի 7-ին անսպասելիորեն հրաժարվեց քովիդի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունից։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Չինաստանում այժմ կորոնավիրուսով վարակված է բնակչության 18 %-ը կամ 248 միլիոն մարդ։ CTV News պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հայտարարած սահմանափակումների և Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին Կանադայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի իշխանություններն ուշադրությամբ հետևում են ստեղծված իրավիճակին:
Իսկ The Telegraph պարբերականը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանություններն այսօր կքննարկեն երկիր մուտք գործելիս կորոնավիրուսի պարտադիր թեստի պահանջի հնարավորությունը Չինաստանից ժամանող ուղևորների համար:








































