News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանում պատրաստվում են արտադրել տղեմալիով համեմված «ուտելու, բարեփոխիչ փողկապներ»։ Այսպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Պանֆիլովն ու «Հանուն եվրոպականացված Վրաստանի կոալիցիա»-ի քաղաքական խորհրդի անդամ Լևան Չոլոկաշվիլին։
Նշվում է, որ փողկապ ուտելը նպաստում է սեփական կյանքի բարեփոխմանը և նրա որակի բարձրացմանը, այն ախորժակ է առաջացնում ազատության ու ժողովրդավարության հանդեպ։ Այն օգնում է ավտորիտարիզմով, խորհրդային մենթալիտետով, իրենց հարևաններին երջանիկ ու բարեկեցիկ չտեսնելու ցանկությամբ տառապող հիվանդներին։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել այդ հիվանդությունը։
Ուտելու փողկապի ստեղծողներն ու արտադրողները խոստանում են հաջորդ շաբաթվանից սկսել դրա զանգվածային արտադրություն։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի սկզբներին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է ևս մեկ փողկապ ուտել, եթե որևէ մեկն իրեն ապացուցի, որ սևծովյան երկրներում կա մի քաղաք, որն ավելի արագ է զարգանում, քան Բաթումը. «Եթե որևէ մեկը կարողանա ապացուցել, որ ինչ-որ տեղ ավելի գեղեցիկ շինություններ կան, ես պատրաստ եմ մեկ անգամ ևս ուտել իմ փողկապը»։








































