«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ՝ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներից Մեհդի Քարուբին, որը տնային կալանքի մեջ է գտնվում, հանդիպում է ունեցել կնոջ և որդու հետ:
Մեհդի Քարուբին մարտ ամսից, առանց դատարանի որոշման, փաստացի տնային կալանքի է ենթարկվել Իրանի անվտանգության ծառայությունների կողմից:
Քարուբիի որդին՝ Հուսեյն Քարուբին, հանդիպումից հետո հայտարարել է, որ իր հայրը գտնվում է հոգեկան ու ֆիզիկական գերազանց վիճակում: Նա նաև նշել է, որ հայրը հաստատակամ է իր դիրքորոշման մեջ և չի զղջում դրանց համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի պահպանողական որոշ լրատվական կայքեր հաղորդել էին, որ Մեհդի Քարուբին զղջում է իր արածների համար և մի զղջումնագիր էլ է պատրաստել դատարան ներկայացնելու նպատակով:
Մեհդի Քարուբիի կնոջ՝ Ֆաթեմե Քարուբիի փոխանցմամբ՝ Իրանի անվտանգության ծառայությունները Ռամադան ամսի սկզբից իր ամուսնուն այլ բնակարան են տեղափոխել, որտեղ նա միայնակ է պահվում:








































