Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունն ամփոփել է Ֆիլիպ Ռիքերի հայաստանյան այցը։ Ըստ դեսպանատան, Ռիքերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումներում քննարկել է տարածաշրջանի հիմնահարցերը և Վաշինգտոնի աջակցությունը չկարգավորված խնդիրների կառուցողական լուծման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ ներգրավման հարցում։ «Դեսպան Ռիկերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում»,- ասված է հաղորդագրությունում։«Առաջին լրատվական»-ը թեման քննարկել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի հետ:
Նրա խոսքով` Ադրբեջանը հստակ նախապատրաստվում է ռազմական էսկալացիայի:
Քաղաքագետի համար անհասկանալի է, թե ինչ հանձնառության մասին է խոսում Արևմուտքը, երբ Ադրբեջանը հստակ ձեռնոց է նետում միջազգային խաղի կանոններին: