Պայմանագրային զինծառայողների ատեստավորման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ինչպես նաև «Պաշտպան Հայրենյաց» ծրագիրը բուռն քննարկման արժանացավ։ Մասնավորապես «Պաշտպան Հայրենյաց»-ով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ, իսկ 5 տարի անց նաև 5 միլիոն դրամ պատվովճար, այդ թվում՝ բնակարան Երևանում։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշում է, որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կրկնապատկելու, կամ որոշ դեպքերում մինչև 80 տոկոսով բարձրացնելու իրենց ծրագիրն արդեն ոգևորել է զինծառայողներին, նրանցից շատերը սկսել են մարզվել և պատրաստվել ատեստավորմանը։ Ատեստավորման ժամանակ ստուգվելու է պայմանագրային զինծառայողի ֆիզիկական և կրակային պատրաստությունը, մասնագիտական գիտելիքները և ծառայողական պարտականությունների իմացությունը։
«Վերջին մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ տեսանելի է, թե ինչպիսի մոտիվացիա կա բանակում, ինչպես են մարդիկ պարապում, կարդում։ Սա պետք է խրախուսել ամեն կերպ և ամեն ինչ անել, որ պատրաստվածության մակարդակը ավելացնենք»,-նշել է Պաշտպանության նախարար Պապիկյանը։
Այս փոփոխությունները, նրա խոսքով, կարևոր դեր են խաղալու պրոֆեիոնալ բանակ ունենալու ճանապարհին։
Այս առնչությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես իմ կարծիքը մեկ անգամ չէ, որ հայտնել եմ, որ իմ սպասումները և պատկերացումները շատ բարձր են այս ատեստավորումից: Վերջնարդյունքի համար ժամանակ է պետք, բայց վստահ եմ, որ շատ լավ բան կարող է ստացվել, 20-25 տարի մենք չենք կարողացել պայմանագրային ծառայությունը գայթակղիչ դարձնել։ Ինձ դուր չի գալիս, որ լրատվամիջոցները աշխատավարձի բարձրացման վրա են ֆիքսվել, դրա տակ այլ բաներ պետք է լինեն՝ մասնագիտացում, ատեստավորման գործընթաց, մարտական պատրաստություն, ինչ պատերազմի ենք պատրաստվելու, ինչ բանակ ենք ունենալու և այլն։
Մեր զինվորականը պատրաստվելու է գիշերային մարտի, 21-րդ դարի պատերազմի, դա շատ լավ արդյունքի կհանգեցնի։ Ամեն մեկին այս նրբությունները չեն հետաքրքրում, լավ բան է, որ դու քո քաղաքացուն ծառայության համար գրավիչ աշխատավարձ ես առաջարկում, բայց սա պրոցեսի մի մասն է, պետք է ամբողջական փաթեթեր առաջարկել Զինված ուժերին»:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ ինքը պատկերացնում է, թե ինչ բանակ պետք է ունենանք, դրա մասին ամեն օր գրում է, վերլուծում է, իսկ այս քայլերը դրա կարևոր կտորներից մեկն են, բայց դեռ շատ քայլեր կան։
«Բանակում կրթությունն ավելի կարևոր կոմպոնենտ է, և դա մի ինստիտուտի բան չէ։ Եթե իմ պատկերացրած ամբողջ փաթեթային հայեցակարգը ընդունվի՝ կրթություն, մարտական պատրաստվածություն և այլն, երկու-երեք տարի հետո կարելի է շատ լուրջ արդյունք ունենալ։ Մյուս կողմից աշխատավարձի չափը կլինի գայթակղիչ, զորքերը հնարավորություն կունենանք ընտրել լավերին»,-ասաց փորձագետը, ով նաև կարևորեց այս բարեփոխումներում ատեստավորման բաղադրիչը:









































