ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինայի զինված ուժերի պատրաստության զգալի ավելացումը։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ մի քանի պաշտոնյաների։ Նրանց տվյալներով՝ ուկրաինացի զինվորների թիվը, ովքեր մարտական պատրաստություն կանցնեն Գերմանիայի ամերիկյան բազայում, ամսական կհասցվի 2500-ի։
Բացի այդ, նախատեսվում է փոխել զինվորականների պատրաստման բուն մոտեցումը։ Նոր ծրագրի համաձայն՝ ԱՄՆ-ն կսկսի ուկրաինացի զինվորների ավելի մեծ խմբերի վարժեցում ավելի բարդ մարտավարության մեջ, ներառյալ՝ հետևակի զորավարժությունների համակարգումը հրետանային աջակցությամբ: Նշվում է, որ այս վարժանքը կլինի «շատ ավելի ինտենսիվ և համապարփակ»՝ համեմատած նրա հետ, ինչն ուկրաինացի զինվորականները ստացել են Լեհաստանում կամ Մեծ Բրիտանիայում։