Ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է իր պլանշետային համակարգիչների նոր տարբերակները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով` այս նորույթները կարող են իրենց վարկանիշով գերազանցել Apple-ի հայտնի iPad պլանշետային համակարգիչներին, քանի որ ունեն որոշ գործիքներ, որոնք ամերիկյան ընկերության արտադրանքում չկան:
Tablet-S պլանշետային համակարգիչը կարող է աշխատել որպես հեռուստացույցի հեռակառավարման վահանակ: Բացի այդ, համակարգչի մի կողմն ավելի հաստ է, քան մյուսը. սա արված է ընթերցանությունն ու տեքստ հավաքելը հեշտացնելու համար: Այս մոդելը վաճառքի է հանվել անմիջապես: Tablet-P կազմված է երկու մասից` բացված վիճակում այն իրենից ներկայացնում է դասական պլանշետային համակարգիչ, իսկ կիսաբաց վիճակում ստանում է նոութբուքի տեսք, երբ հնարավոր է սենսորային դիսփլեյի մի մասն օգտագործել որպես ստեղնաշար: Այս մոդելը վաճառքի կհանվի 2012 թ. հունվարին: