Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող հայկական եկեղեցում նշվել է Ռամադանի ավարտն ու Խաղաղության տոնը։ Այդ կապակցությամբ տոնական ճաշկերույթ է կազմակերպվել՝ նվիրված սեպտեմբերի 1-ին` Թուրքիայում մուսուլմանների Ռամադան սրբազան ամսվա ավարտին և Համաշխարհային խաղաղության օրվան:
Ֆերիքյոյի հայկական եկեղեցու կազմակերպած ճաշկերույթին մասնակցել է Շիշլիի թաղապետ Մուսթաֆա Սարըգյուլը, Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ և արքեպիսկոպոս Թաթուլ Անուշյանը, Ֆերիքյոյի եկեղեցու և դպրոցի հիմնադրամի նախագահ Մուրաթ Օղերը և այլ հյուրեր:
Շիշիի թաղապետն իր աջակցությունն է հայտնել կառավարության այն որոշմանը, որով կրոնական փոքրամասնություններին է վերադարձվում 1936 թվականին ոչ մուսուլման փոքրամասնություններից խլված ունեցվածքի մի մասը. «Մենք պատրաստ ենք ուս ուսի և ձեռք ձեռքի տված համատեղ ապրել՝ առանց խտրականություն դնելու լեզվի, կրոնի ու մշակույթի հարցերում»։








































