Ճանապարհային ոստիկանությանը հատկացված վառելիքի խոշոր չափի յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՃՈ պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունը տարաբնույթ կարծիքների և մեկնաբանությունների տեղիք է տվել:
Թեև նշվում է, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի տեսակներից մեկն է, և իշխանությունը չի խնայում անգամ բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն բազմաթիվ քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ չեն հավատում այդ մեկնաբանություններին:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նկատեց, որ այդ ձերբակալությունը ամենևին էլ չի նշանակում, որ իշխանությունները պայքարում են կոռուպցիայի դեմ, այն էլ՝ բարձր մակարդակով: Ըստ Դանիելյանի՝ Օհանյանի ձերբակալության պատճառն այն է, որ նա ինչ-որ բան յուրացնելիս որևէ մեկի բաժինը «տեղ չի հասցրել»:
«Շատ մարդիկ, լուրջ պաշտոնյաներ կոռուպցիայով են զբաղված, բայց չեն ձերբակալվում, որովհետև վերևներին հասցնում են, սա երևի չի հասցրել կամ էլ քիչ է հասցրել, այդ պատճառով էլ բռնել են»,- մանրամասնեց Դանիելյանը:








































