ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է Վայքի հիվանդանոցի ծննդական բաժանմունքում տեղի ունեցած դեպքը քննող հանձնաժողով:
Այս մասին «Առաջին լրատվականին» հայտնում է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Նա նաև հավելել է, որ այդ հարցով դիմում նախարարություն չի եղել, նախարարը տեղեկացել է դեպքի մասին ԶԼՄ-ների հրապարակումներից:
«Այժմ մեր գլխավոր մասնագետը գտնվում է Մուրացանի համալսարանական կլինիկայում, գնահատում են երեխայի վիճակը: Մենք մասնագետ ենք ուղարկել նաև Վայք»,- ասում է Շուշան Հունանյանը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն այսօր տարածել է մի տեսանյութ, որում Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները պատմում են այն մասին, որ Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը միտումնավոր ուշ է ընդունել երեխայի ծնունդը:










































