Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը մեկնաբանել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դեսպանների խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները.
«Իր «անհիմն» հայտարարություններով Հայաստանի նախագահը «փորձում է» իր պատասխանատվությունն ու ապակառուցողական դիրքորոշումը բարդել ադրբեջանական կողմի վրա։ Սարգսյանի նմանատիպ հայտարարությունն «ուղղված» է միայն ներքին սպառմանը, արտաքին մակարդակում ամեն ինչ այլ է։
Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը։ Եթե Հայաստանը ցանկանում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ապա նա առաջին հերթին «պետք է» իր զորքերը դուրս բերի «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։ Միջազգային հանրության դիրքորոշումը «համընկնում» է Ադրբեջանի դիրքորոշման հետ, ստատուս քվոյի պահպանման վերաբերյալ իրենց դժգոհությունն են արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները։
Իր հայտարարություններով Հայաստանի նախագահն «ի ցույց է դնում», որ պատրաստ չէ հակամարտության կարգավորմանը»։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը վերոնշյալ խորհրդակցությունում հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, փոխարենը պատերազմ է քարոզում, խթանում է սպառազինությունների մրցավազք, հակահայկական տրամադրություններ է տարածում։ Սարգսյանը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի անկախություն ձեռք բերելն անխուսափելի է՝ այդ պլանում հիշեցնելով Հարավային Սուդանի օրինակը։











































