Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 28-ին հայ-թուրքական սահմանին տեղադրված ականներից մեկի վրա պայթել է 48-ամյա Մեհմեդ Ալիօղլուն։ Վերջինս իր ոչխարներին արածեցնելիս է եղել Կարսի նահանգի Արփաչայ շրջանում, երբ անձրև է սկսվել ու առաջացել մառախուղ, որի արդյունքում ոչխաները ցաքուցրիվ են եկել։
Երկու երեխաների հայր Ալիօղլուն փորձել է փակել ոչխարների ճանապարհը դեպի Հայաստանի սահման, սակայն այդ ընթացքում ոտքը պատահաբար դրել է ականի վրա։ Վիրավոր հովվի ընկերները նրան տեղափոխել են Կարսի պետական հիվանդանոց։
Հիշեցնենք, որ «Սառը պատերազմի» տարիներին հայ-թուրքական սահմանի ավելի քան 300 կիլոմետրանոց (տարբեր տվյալներով` 316-328) սահմանի 17 կիլոմետրանոց հատվածում տեղադրված է 21,984 ական: «Կարսի նահանգ-Հայաստան» սահմանին են գտնվում 13 ականապատ դաշտեր:









































