Ուկրաինայի ՆԳՆ նախկին գեներալ Ալեքսեյ Պուկաչը, որը համարվում է լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության գործով հիմնական մեղադրյալը, դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ Գոնգաձեի սպանության հիմնական պատվիրատուներից մեկը եղել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման: Այս մասին գրում է «Ուկրաինական պրավդա» թերթը:
Դատական նիստին ներկա գտնվող լրագրող Ալեքսեյ Պոդոլսկին ասել է, որ գեներալը տվել է Կուչմայի, ինչպես նաև խորհրդարանի ներկայիս նախագահ Լիտվինի և ինքնասպան եղած ՆԳ նախկին նախարար Կրավչենկոյի անունները: Պուկաչը հավելել է, որ ինքն անձամբ է սպանել Գոնգաձեին:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող Գեորգի Գոնգաձեն անհետացել էր 2000 թ. սեպտեմբերին: Երկու ամիս անց նրա գլխատված մարմինը հայտնաբերել էին Կիևի մերձակա անտառներից մեկում: Տարիներ անց մամուլում հայտնվել էր Ուկրաինայի նախագահի ձայնով մի ձայնագրություն, որտեղ այդ ձայնով մարդը հրամայում է սպանել Գոնգաձեին: Կուչմայի դեմ նույնպես հարուցվել է քրեական գործ: Նա իրավունք չունի լքելու երկրի սահմանները:








































