Գերմանական Bild թերթը հարցազրույց է վերցրել նացիստական պարագլուխներից մեկի` Յոզեֆ Գեբբելսի քարտուղարուհուց` Բրունգիլդա Պոմզելից, ով այժմ 100 տարեկան է և ապրում է Մյունխենում: Երրորդ ռեյխի լուսավորության և քարոզչության նախարարի քարտուղարուհին առաջին անգամ է հարցազրույց տվել` Գեբբելսի մասին որոշ բացահայտումներ անելով:
Պոմզելը Գեբբելսի մոտ աշխատել է 1942թ-ից մինչև 1945թ-ի մայիսի 1-ը, երբ վերջինս ինքնասպան եղավ: Կնոջը հրամայել են անցնել նման աշխատանքի, քանի որ նա Բեռլինի ռադիոյի ամենալավ մեքենավարուհին էր: Պոմզելն ասել է. «Նա շատ ինքնամփոփ մարդ էր, ոչ մի անգամ անձնական հարց չի տվել և մինչև վերջ այդպես էլ չգիտեր իմ անունը»:
100-ամյա կինն ասել է, որ Գեբբելսը շատ հեշտ մահ ունեցավ, նրան պետք է մահապատժի ենթարկեին: «Գեբբելսն ինքնասպան եղավ իր վախկոտության պատճառով»` նշել է Պոմզելը, հավելելով, որ ինքը ոչինչ չի իմացել հրեաների սպանությունների մասին, իսկ քաղաքականությունն իրեն երբեք չի հետաքրքրել: Հոլոքոստի մասին նա իմացել է միայն այն բանից հետո, երբ գերի է ընկել, որից հետո 5 տարի մնացել է ԽՍՀՄ-ում:
Պոմզելն ասել է, որ երբեք չի ների Գեբբելսին այն, ինչ նա արեց մարդկության հետ:









































