ՄԱԿ-ը այսուհետ ամեն տարի՝ օգոստոսի 30-ին կնշի անհետ կորածների միջազգային օրը: Նման որոշումը նպատակ ունի աշխարհի ուշադրությունը սևեռել հազարավոր մարդկանց վրա, ովքեր գաղտնի ձերբակալված են կամ առևանգված աշխարհի ամենատարբեր անկյուններում: Այս մասին հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ը քննադատել է որոշ երկրներում իրականացվող բռնությունները, մարդկանց առևանգումը և գաղտնի ձերբակալումը, ինչը շատ տեղերում քաղաքական բնույթ է կրում:
ՄԱԿ-ի անհետ կորած մարդկանց խնդիրներով զբաղվող հանձնաժողովի անդամներն անհանգստություն են հայտնել այն փաստի առթիվ, որ որոշ երկրներում ժողովրդավարության համար պայքարող մարդկանց պարզապես առևանգում են և նրանց հարազատներին ոչինչ չեն հայտնում` թողնելով անորոշության մեջ:
ՄԱԿ-ի տեղեկություններով, վերջին 30 տարվա մեջ նման ճակատագրի է արժանացել ավելի քան 50 հազար մարդ:










































