Օգոստոսի 27-ին Երևանի Նոր Նորքի բնակիչներն ու «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները կազմակերպել էին «Վիշապների ՀԱՂԹԱՆԱԿԸ» տոնախմբությունը՝ նվիրված Վիշապների այգու փրկությանը:
Վերոնշյալ այգու տարածքում «Կաէռ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն նախատեսում էր կառուցել բնակելի շենք, սակայն տեղի բնակիչների վճռականության, ակտիվ երիտասարդների ու բնապահպանների և շատ այլ մտահոգ քաղաքացիների շնորհիվ շինարարությունը դադարեցվեց և այգին ազատվեց:
Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ այգուն վերաբերող լուսանկարների ցուցահանդես, իսկ «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության հետ միասին բնակիչներ պարեցին հայկական ազգագրական պարեր:
Հաղթանակ տարած քաղաքացիները հույս ունեն, որ այս հաղթանակը կլինի նախադեպ՝ հասարակական կարծիքը հարգելու և բնապահպանական կարևորագույն հիմնախնդիրները որևէ մեկի բիզնեսին չստորադասելու համար:
Լուսանկարները` Հայկ Բիանջյանի:














































