Այսօր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, սեպտեմբերի 1-ին ընդառաջ, ներկայացրեց շուկայում առկա առաջին դասարանցիներին անհրաժեշտ հագուստների և գրենական պիտույքների գները, ինչը արժանացավ լրագրողների զարմանքին և անզուսպ ծիծաղին:
Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումները Ֆիրդուսի, «Տաշիր»-ի, ՀԱԹ-ի և մի քանի տոնավաճառներում ցույց են տվել, որ կոշկի գինը սկսվում է 4000 դրամից, վերնազգեստը, տաբատը և շապիկը՝ 3000 դրամից։ Ավելին՝ հավատացրեց, որ իր 11-ամյա աղջկա համար 1000 դրամով գնել է շապիկ, 4000 դրամով՝ կոշիկ, 2500 դրամով՝ կիսաշրջազգեստ, 6000-7000 դրամով՝ պայուսակ։ Իսկ սոցիոլոգիական հարցումներով՝ պայուսակի գինը շուկայում սկսվում է 4000 դրամից, գրենական պիտույքներինը՝ ընդհանուրը 3000 դրամից։ Գրասեղանն արժե 25-38 հազար դրամ, բջջային հեռախոսը՝ 13,000-ից սկսած, ընդհանուր գումարը կազմում է 55 հազար դրամ:
Ադիբեկյանի համոզմամբ՝ մեր հասարակությունը շեղված է, ապահովված է հասարակության 15 տոկոսը, իսկ 85 տոկոսը տարբեր աստիճանի նյութական հնարավորություն ունի, և եթե մեկը չի կարողանում երեխային պատշաճ ձևով ուղարկել դպրոց, դա արդեն մեծ սթրես է: Ադիբեկյանը դեմ է միանման հագուստներին, քանի որ դա երեխաներին դարձնում է ինկուբատորի ճուտ: Միաժամանակ նկատեց, որ այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը երեխաներին դպրոցին պատրաստելն է։ Սովետական ռեժիմի տարիներին 40 տոկոսը գնում էին մանկապարտեզ և պատրաստվում դպրոցին, այնինչ այսօր այդ թիվը կտրուկ նվազել է: Նա նշեց, որ պատրաստում են ձեռնարկ, որը հնարավորություն կտա ծնողներին, ովքեր չեն կարողանում երեխաներին ուղարկել մանկապարեզ, նախապատրաստվել դպրոցին,- բայց դա կլինի 1-2 տարի հետո,- հակառակ դեպքում դպրոցը, ստանալով վատ հումք, տալիս է վատ արդյունք: Ինչ վերաբերում այս օրերին թանկացող ծաղկեփնջերին՝ 4 ծնողով միանում, մեկ փունջ են գնում, կամ՝ ամբողջ դասարանով, եթե հնարավորություն չունեն:









































