Աֆղանստանի կառավարությունը խափանել է ԱՄՆ-ի և Թալիբան շարժման միջև բանակցությունները: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով, Աֆղանստանի իշխանությունները, իմանալով, որ ԱՄՆ ղեկավարությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում առնվազն 3 գաղտնի հանդիպում է ունեցել Թալիբանի առաջնորդներից մեկի՝ Մուհամմեդ Օմարի հետ, հրապարակել են այդ տեղեկատվությունը: Արդյունքում Մուհամմեդ Օմարը ստիպված հեռացել է երկրից:
Գաղտնի բանակցություններում որպես միջնորդ եղել է ոմն Թայաբ Աղա, ով այժմ թաքնվում է Եվրոպայում և արդեն երկար ժամանակ կապի մեջ չի մտել ամերիկացիների հետ: Միաժամանակ, գործակալությունը, հղում անելով ԱՄՆ ղեկավարության շրջանում իր աղբյուրին, տեղեկացնում է, որ բանակցությունները թալիբների հետ խափանվել են ինֆորմացիայի արտահոսքի և միջնորդի անհետացման պատճառով:
Ամերիկացիների և Մուհամմեդ Օմարի բանագնացների միջև Քաթարում և Գերմանիայում բանակցություններն ընթացել են 2010 թ.-ի վերջերից մինչև 2011 թ.-ի սկզբները:
Associated Press-ը հայտնում է, որ նման բանակցությունները հավանաբար առաջացրել են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի դժգոհությունը, քանի որ աֆղանական կառավարությունը ներգրավված չի եղել դրանց: Ավելի վաղ Համիդ Քարզայը հայտարարել էր թալիբների հետ բազմակողմ բանակցությունների մասին, որին մասնակցում էին ինչպես ԱՄՆ-ի և Աֆղանստանի, այնպես էլ այլ երկրների ներկայացուցիչները:








































