Կիրակի օրը Լոռու մարզի անտառներից մեկում տեղի ունեցավ օտարալեզու դպրոցների դեմ շարժման նախաձեռնող խմբի ընդլայնված կազմով արտագնա հավաք-մտագրոհը: Նախաձեռնության անդամների խոսքով` այն միտված էր անցած տարվա ընթացքում հասարակական գործընթացների կիզակետում գտնված ամենաակտիվ շարժումներից մեկը վերակենդանացնելուն և փոխակերպելուն այլ` ավելի ընդարձակ ու համընդգրկուն շարժման, որի ուշադրության կենտրոնում կշարունակի մնալ օտարալեզու դպրոցների հիմնահարցը, սակայն դրան կգումարվեն նաև բազմաթիվ այլ խնդիրներ:
Ըստ նախաձեռնության անդամ Էդգար Առաքելյանի` հենց այդ խնդիրների չլուծվածության պատճառով է, որ առհասարակ հնարավոր եղավ հրապարակ բերել և առաջ մղել օտարալեզու դպրոցների գաղափարը: «Եթե մի բառով ձևակերպենք, դա հայերենի թույլ, լքված վիճակն է, որը գրեթե ամենուրեք է: Մենք այսօր գործ ունենք չկայացած ազգային դպրոցի հետ, որտեղ դասավանդումը հայոց լեզվով է, ինչն էլ հիմք է տալիս բազմաթիվ օտարամոլների և պարզապես լավ, որակյալ կրթության մասին երազող ծնողների որպես ելք մատնանշել ռուսական կամ անգլիական դպրոցների բացումը: Մինչդեռ լեզուն չէ, որ այդ իրավիճակն է ծնել, այլ որակյալ, այդ թվում` միջազգային, ծրագրերի, մեթոդների, կադրերի, ինչպես նաև պատշաճ ֆինանսավորման և կառավարման մակարդակի բացակայությունը»:
Բացի այդ, ըստ Առաքելյանի, չափազանց անմխիթար վիճակում ենք գտնվում համաշխարհային գեղարվեստական, գիտական և այլ գրականությունը հայերեն լեզվով թարգմանելու առումով: Բազմաթիվ անելիքներ կան նաև զանազան էլեկտրոնային միջավայրերում (համակարգիչային ծրագրեր, կայքեր, բջջային հեռախոսներ, բառարաններ, հանրագիտարաններ և այլ պաշարներ) հայերենի ներկայությունը ապահովելու, ապա նաև` այդ ներկայության մասին հասարակությանը իրազեկելու և հայալեզու բովանդակությունն ու այլ գործիքները քարոզելու առումով:
Խնդիրների հաջորդ կարևոր խումբը, որ հավաքի ժամանակ քննարկել են նախաձեռնության անդամները, տարբեր ոլորտներում (լրատվամիջոցներ, եթեր, գովազդ, ցուցանակներ, պետական գրագրություն, բիզնես նամակագրություն և այլն) հայերենի դիրքերի պաշտպանությունն է, մի բան, որը Լեզվի պետական տեսչության գործառույթների շրջանակում է, սակայն շատ թերի է կատարվում:
Հավաքի մասնակիցները համաձայնության են եկել առաջիկայում կազմակերպել մեծ համաժողով, որտեղ կհռչակվի նոր շարժման ստեղծումը և կուրվագծվեն այն վեկտորները, որոնցով այն առաջնորդվելու է: Մինչ այդ կգործեն աշխատանքային խմբեր, որոնք լրջորեն կնախապատրաստեն համաժողովը, կմշակեն ապագա շարժման հայեցակարգը ու անվանումը, համաժողովի օրակարգն ու կհրավիրեն մասնակիցներին:
Նշենք, որ նախաձեռնության հիմնական կորիզից բացի, հավաքին մասնակցում էին նաև շարժմանը հարող, սակայն մինչ այժմ այլ քաղաքացիական նախաձեռնություններում գլխավոր դերակատարում ստանձնած անձինք` ճարտարապետներ Սարհատ Պետրոսյանն ու Արսեն Կարապետյանը` քաղաքաշինական նախաձեռնություններից (Կինո Մոսկվայի ամառային դահլիճ, Հանրապետության հրապարակ և այլն), Արթուր Ավթանդիլյանը, Օլյա Ազատյանն ու Վահրամ Սողոմոնյանը` «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» և Թեղուտի պաշտպանության խմբերից, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանը:
Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Կարապետյանի տրամադրած լուսանկարները կարող եք դիտել այստեղ:









































