Այժմ Ասիայում ձևավորվում է ուժի երեք կարևոր կենտրոն՝ Իրան, Ռուսաստան, Չինաստան, որոնք անկախ քաղաքականության կրող են և դիմակայում են էքսպանսիայի գաղափարախոսությանը և միաբեվեռ աշխարհի քաղաքականությանը, որ վարում են Արևմուտքը և ԱՄՆ-ն: Այդ մտքի հեղինակը Հայաստանի հանրության շրջանում վերջին օրերին մեծ ուշադրության արժանացած Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի արտաքին հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին է: Վելայաթին եղել է Իրանի արտգործնախարարը՝ 1981-1997 թվականներին, Ալի Խամենեիի և նրան հաջորդած Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահական պաշտոնավարման ընթացքում:
Իրանի հոգևոր առաջնորդը վերջին օրերին Հայաստանի հանրության մեծ ուշադրության կենտրոնում էր հայտնվել Թեհրանում հուլիսի 19-ին տեղի ունեցած եռակողմ Վեհաժողովի շրջանակում Իրան ժամանած Էրդողանի և Պուտինի հետ առանձնազրույցներում հայ-իրանական սահմանի վերաբերյալ արած հայտնի հայտարարությունների բերումով: Մեծ հաշվով, նրա խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Վելայաթիի հարցազրույցը, որ նա տվել է իրանական էկետրոնային պարբերականներից մեկին, որոշակիորեն շատ բան է արտացոլում Իրանի հոգևոր առաջնորդի պատկերացումների համատեքստում՝ ավելի լայն իմաստով: Վելայաթին ինքը իր դիվանագիտական-քաղաքական գործունեության, արտգործնախարարի պաշտոնում աշխատանքի տարիներին ձեռք է բերել հակաարևմտյան, հակաամերիկյան գործչի համբավ: Ըստ էության, Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին հարցերի խորհրդականի բավականին բաց հարցազրույցը արտացոլում է ընդհանրապես Իրանի բարձրագույն ղեկավարի տրամադրությունները և մոտեցումները:
Անշուշտ, Իրան, Չինաստան, Ռուսաստան «եռյակի» գծագրումը, որ անում է Վելայաթին, չի կարող դիտվել բացարձակ կամ անբեկանելի իրողություն: Այստեղ հարաբերությունների սխեման ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հարցը սակայն այն է, թե ինչի՞ հետ գործ ունենք՝ Իրանի հոգևոր առաջնորդը, որ երկրի բարձրագույն ղեկավարությունն է, առաջա՞րկ է անում Մոսկվային ու Պեկինին, թե՞ պարզապես փորձում է ձևավորել ուրվագիծ, ակնկալիքով, որ Միացյալ Նահանգներին կարող է բերել Իրանին ավելի հարմար պայմաններ առաջադրելու դաշտ, որպեսզի Թեհրանը Մոսկվայի և Պեկինի փոխարեն ընտրի Վաշինգտոնի հետ խոսելը: Իհարկե Վելայաթին իր հարցազրույցում գործնականում մերժում է Արևմուտքի հետ աշխատանքը, նշելով, որ Ռուսաստանն ու Չինաստանը ունենալով իհարկե իրենց շահերը, այդուհանդերձ ի տարբերություն Արևմուտքի՝ գործնականում են շատ հարցերում աջակցել Իրանին: Թեև, սա ևս կարող է ակնարկ լինել, որ Թեհրանը պատրաստ է Արևմուտքի հետ աշխատանքի, եթե վերջինս գործնական քայլերով աջակցի՝ պայմաններ թելադրելու փոխարեն, այդ կերպ նաև հնարավորություն տալով իրանյան վարչակազմին սեփական հանրության մոտ հիմնավորել Արևմուտքի հետ խոսակցության գնալու հնարավոր որոշումը: Իրադարձությունների ընթացքի և իրերի դրվածքի այդ տրամաբանությունը անմիջական կարևորություն ունի նաև Հայաստանի համար, որովհետև հայ-իրանական սահմանի առումով՝ որի վերաբերյալ Իրանի հոոգևոր առաջնորդի հայտնի խոսքերը հայկական հանրության մի շարք շրջանակներ ընդունել էին գրեթե երկնային պարգևի նման, Իրանի և մյուս խոշոր խաղացողների մոտեցումները էապես կախված են լինելու, թե որ ուղղությամբ է աշխատելու Իրանը.
Ռուսաստանի և Չինաստանի հետ եռյակի ձևավորմա՞ն, թե՞ ԱՄՆ հետ միջուկային համաձայնագիրը թարմացնելու:









































