ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական մակարդակում արդեն որոշում է ընդունված՝ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի։ Նրա խոսքով՝ մենք այս ռազմավարությամբ ընդգծում ենք, որ ոչ միայն դատական և դատաիրավական համակարգ նոր մուտք գործող անձանց բարեվարքությունը պետք է ստուգվի, այլ նաև գործողներինը։ Նա նշել է, որ քաղաքական մակարդակում այդ որոշումն արդեն ընդունված է։
Այս առնչությամբ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ այդ փաստաթղթին անդրադառնալը շատ լավ կլիներ, որ գործող իշխանությունը հանրությանը հաշվետվություն ներկայացներ, թե 2019-2023 թվականների դատաիրավական և իրավական համակարգերի բարեփոխումների ռազմավարության որ կետերն են կատարվել, որ դրույթները չեն կատարվել, ինչու չեն կատարվել, որ ոլորտներում է տեղի ունեցել առաջընթաց կամ ձախողում, և այսօր նոր ռազմավարություն շրջանառության մեջ դնելուց հետո ո՞րն է երաշխիքը, որ այն չի արժանանա նախորդի ճակատագրին, այսինքն ամբողջովին կամ մեծամասամբ չի ձախողվի:
Նորիկյանը նկատեց, որ 2018-ից գործող իշխանությունը փորձում է դատական և իրավական համակարգերի բարեփոխումներ իրականացնել, բայց արդյունքների չի հասել. «Ո՞րն է երաշխիքը, որ այդ փաստաթղթում ամրագրված նորամուծությունները կամ բերված խնդիրներն ու նպատակներն իրականություն կդառնան: Գործող իշխանությունը պետք է կատարված աշխատանքով ցույց տա իր նպատակների իրագործման վճռականությունը: Ես խիստ վերապահում ունեմ, որ նոր ռազմավարությամբ ամրագրված դրույթները կյանքի կկոչվեն այս ձեռագրի իրականացման պայմաններում: Այսինքն եթե նույն քաղաքականությունն է վարվելու, ոչ մի բան չի փոխվելու: Բան փոխելու համար և քաղաքական կամք է պետք, և ռազմավարական մտածողություն է պետք, և երկակի ստանդարտների քաղաքականությունից, ընտրովի արդարադատություն իրականացնելուց իսպառ հրաժարվել է պետք, և օրենքի գերիշխանություն հաստատելու դոկտրինի անշեղ հաստատում է պետք: Դա պետք է սկսվի իրենցից, այդ «չի կարելի»-ն առաջինը պետք է վերաբերի գործող իշխանությանը»,-ասաց նա:
Նորիկյանը նաև նկատեց, որ եթե այսօր խոսվում է բարեվարքության մասին, ո՞վ է որոշելու այդ բարեվարքությունը. «Նիկոլ Փաշինյանի անձնական պատկերացումներո՞վ են որոշելու այս կամ այն չինովնիկի բարեվարք լինելը: Ի՞նչ չափորոշիչով է դա որոշվելու, նախորդ տարիներին ի՞նչն էր խանգարում դա որոշել:
Ժամանակն անցնում է և հայտնի խոսք կա՝ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է: Այդ ո՞ւմ նկատմամբ են իրականացնելու այդ բարեվարքությունը, ո՞ր դատավորների նկատմամբ: Այն դատավորների, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք դատել են, Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք դատել են, հիմա էլ Նիկոլի օրոք դատո՞ւմ են: Ո՞վ էր իրենց ձեռքը բռնել, որ 4 տարի բարեվարքություն չէին իրականացնում:
Ես կարծում եմ, որ գործող քաղաքական իշխանությունը կորցրել է պատեհ պահը ճիշտ ժամանակին դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար: Ըստ էության, հավատի ու վստահության կորուստ է ձևավորել իր նկատմամբ, հանրության մի մեծ զանգված այլևս չի հավատում գործող իշխանության կողմից հռչակվող որևէ բարեփոխման իրականացմանը, որովհետև բազմաթիվ բարեփոխումների մասին խոսք եղավ և դրանցից որևէ մեկը իրականություն չդարձավ: Հիմա կարելի է գեղեցիկ փաթեթավորմամն ծրագրեր հռչակել, բայց իրական կյանքը բոլորովին այլ է»:
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահը հիշեցրեց, որ Հայաստանի հանրությունն արդեն 4 տարի ակնկալում է, որ Հայաստանի գլխավոր հանցագործները պատժվեն. «Պատժվե՞լ են, պատասխանատվության ինստիտուտն աշխատո՞ւմ է, պատասխանատվության ինտիտուտն ո՞ւմ համար է, միայն չարքաշ գյուղացո՞ւ: Էդ բոլոր մեծ շնաձկների վրա բարեվարքությունը չի տարածվո՞ւմ: Հանրությունն ուրիշ ակնկալիք ուներ այս իշխանությունից, հիմա չունի արդեն: Այս իշխանությունը նախորդ ռեժիմների հանցավոր շատ ներկայացուցիչների լեգալիզացրեց, ո՞ր մեկը պատասխան տվեց: Էդ ո՞ւմ բարեվարքությունն է ուզեցել ստուգեն Նիկոլ Փաշինյանը, որ չի կարողացել: Էդ ո՞վ է այնքան բարեվարք եղել, որ այս իշխանությունը նր դեմ չի կարողացել պայքարել: Կներեք, ես չեմ հավատում: Այս քայլերն արվում են ընդամենը ցույց տալու համար, որ գործընթաց է իրականացվում, բայց կոնկրետ արդյունք չունենք: Ոչ թե եկել է բարեփոխում իրականացնելու ժամանակ, եկել է այս իշխանության կողմից նախորդող տարիներին ժողովրդին խոստացած բարեփոխումների մասին հաշվետվություն ներկայացնելու ժամանակը: Ես խիստ վերապահումներ ունեմ հռչակած բարեփոխումների իրականացման վերաբերյալ»,-ընդգծեց նա:








































