Տավուշի մարզի Կողբ գյուղում անցկացվեց «Կողբ. Վարդավառ» փառատոնը, որի շրջանակում գյուղում կազմակերպվել է Կողբի յուրահատկություններն ընդգծող ցուցահանդես-տոնավաճառ: Այն զուգորդվում է համայնքի տարբեր մշակութային կոլեկտիվների ելույթներով, Հայաստանի ստեղծման պատմությունը ներկայացնող բեմականացումներով:
ՓԹառատոնն անցկացվում է հուլիսի 16-17-ը Կողբ գյուղի տարբեր հատվածներում:

«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ փառատոնի միջոցով ցանկանում են պահպանել ազգային ավանդույթներն ու արժեքները, իսկ Վարդավառը հայկական ամենասիրված տոներից է և համախմբում է տարբեր սերունդներ: «Այս տարածաշրջանն ունի Վարդավառի հետ կապված գեղեցիկ ավանդույթներ և հատկապես Կողբում տոնը շատ սպասված է: Ցանկացանք հենց այստեղ նախաձեռնել միջոցառումը, որին կմասնակցեն մարդիկ թե՛ տարածաշրջանից, թե՛ Երևանից»,- նշեց Պետրոսյանն ու հավելեց, որ նմանատիպ խոշոր նախաձեռնությամբ ձգտում են ամրապնդել կապը մայրաքաղաքի ու տարածաշրջանի միջև:
Նրա խոսքով՝ «Կողբ. Վարդավառը» կարող է նպաստել նաև տնտեսական ակտիվությանը, քանի որ հյուրերը փորձում են յուրօրինակ ուտեստները, գնում դրանք, օգտվում են հյուրանոցային ծառայություններից:

Փառատոնի տաղավարներում այցելուները կարող են գտնել գյուղում և տարածաշրջանում ապրող մարդկանց ձեռագործ աշխատանքներ, գյուղմթերք, հուշանվերներ, զարդեր, գրքեր և այլ իրեր, համտեսել Վարդավառին նվիրված հատուկ ուտեստները, որոնցից են ծանդիլը, նազուկը և շիլան:
Կողբի համայնքապետ Լիպարիտ Աղաբաբյանը ցանկանում է, որ միջոցառումն ամենամյա դառնա և տարեցտարի առավել շուքով նշվի: «Նախաձեռնությանն ընդգրկված են երեխաներ տարածաշրջանի բոլոր համայնքներից, Կողբի զորամասի զինվորները: Հույս ունենք, որ այս միջոցառումը զբոսաշրջային հոսքեր կապահովի, կզարգանա հյուրատնային ու հյուրանոցային բիզնեսը, որը պասիվ է եղել այստեղ»,-շեշտեց նա:
Աղաբաբյանի համոզմամբ՝ հայրենիքն սկսում է սահմաններից, և այն պետք է ամրապնդել մշակութային, կրթական և այլ փառատոններով:
«Կողբ. Վարդավառ» տոնակատարության առաջին օրը երգի ու պարի տարբեր անսամբլներից բացի, Վարդավառի բուն արարողությանը հանդես եկավ Ethno Colors խումբը, որի երաժշտության ելևէջների ներքո թե՛ փոքրերը, թե՛ մեծերը առավել ակտիվ էին ջրում միմյանց:

Երեկոն եզրափակվեց «Նեմրա» ռոք-խմբի և Արամ Mp3-ի համերգներով: Նրանք կատարեցին իրենց լավագույն ստեղծագործությունները՝ գյուղի ֆուտբոլի դաշտում հավաքված երկրպագուներին հնարավորություն տալով երգել իրենց հետ, պարել և լուսանկարվել:

«Նեմրա» խմբի վոկալիստ և կիթառահար Վան Եղիազարյանը, որի հետ լուսանկարվել էին ցանկանում բազմաթիվ երկրպագուհիներ, ելույթից հետո ասաց, որ երեկոն առանձնահատուկ էր, ջերմ էր և բուռն: «Աննկարագրելի էներգիա ստացանք: Պատահում է՝ ելույթի սկզբում երկար աշխատում ենք հանդիսատեսի հետ, որ աշխուժանա, սակայն այս դեպքում այլ էր: Ժողովուրդն ուժեղ էներգիա ունի: Մարզերում համերգներով հանդես գալն ու երիտասարդների առօրյան ակտիվացնելը մեր խմբի առաջնային խնդիրներից է դարձել: Վերջին տարիներին Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ելույթներ ունեցել ենք ու միշտ տպավորվել»,- ընդգծեց Վանը:

Խումբը կատարեց ոչ միայն հեղինակային երգեր, որոնք անգլերեն են, այլև «Նարե», «Զիմ խորոտիկ յար», «Չքնաղ երազ», «Սև աչքերով աղջիկ» և այլ հայտնի ստեղծագործությունների ռոք մշակումներ: Վանը շեշտեց, որ խումբը մշտապես անդրադառնում է հայկական երգերին, որոնք պահանջված են: «Նեմրան» շուտով երաժշտասերների դատին կհանձնի «Սև աչքերով աղջիկ» երգի տեսահոլովակն ու ձայնագրությունը, որին անհամբեր են սպասում, պատրաստվում են հայերեն և անգլերեն ալբոմներ թողարկել և հյուրախաղերով հանդես գալ Հայաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:
Փառատոնի երկրորդ օրը՝ հուլիսի 17-ին, Կողբում ելույթ կունենա Hayat Projects-ը, իսկ Color Festival-ի շրջանակում՝ DJ Drred-ն ու DJ Mill-ը։
Տոնակատարությունը կազմակերպում է «Կողբ» հիմնադրամը։









































