«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը
Պարոն Մարկոսյան, կառավարությունը պարզեցրել է ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը: Ինչպե՞ս եք սա գնահատում և արդյոք դա կլուծի՞ ժողովրդագրական խնդիրները:
Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այս պահին մեծ հոսք ունենք Ռուսաստանից և Ուկրաինայից, և մարդիկ դժվարությունների են բախվում աշխատանքի և ուսման հետ կապված: Օրինակ, պետք է կարողանան իրենց երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանել, նաև այլ գործարքներ իրականացնել: Այդ առումով այդ նախաձեռնությունը ողջունելի է, բայց դեռևս բավականին տեղեր կան, որ պետք է ավելի պարզեցվի: Կարծում եմ՝ այդ գործընթացը պետք է շարունակական լինի, որովհետև երբ խոսում ենք ներգաղթի մասին, ապա պետք է նաև այնպես անել, որ վերադարձող մեր հայրենակիցները հեշտացված տարբերակող կարողանան այստեղ իրենց փաստաթղթային խնդիրները լուծել:
Կառավարությունը նշում է, որ որոշման նպատակը վարչարարությունը պարզեցնելն է և մեկ միասնական փաստաթուղթ սահմանելը: Մինչև հիմա շա՞տ էին վարչարարությունից դժգոհությունները:
Այո, կային դժգոհություններ: Սա հենց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն էլ նախաձեռնել, որովհետև առաջինը իրենց են տեղեկանում այդ խնդիրների մասին: Սակայն դեռևս խնդիրներ կան, օրինակ, մայրը կարող է լինել Ուկրաինայի կամ ՌԴ քաղաքացի և երեխային դպրոց տանելիս խնդիրներ են ծագում: Պետք է հավաքագրել խնդիրները և փորձել օրենսդրական դաշտում դրանց բոլոր լուծումները տալ, որովհետև փաստաթղթային խնդիրները բավական լուրջ են:
Այս տարի պարզ դարձավ, որ նախորդ տարիների համեմատ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ամենամեծ թիվն է գրանցվել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշել է, որ այս տարվա 6 ամիսներին մոտ 10 հազար մարդ է դիմել քաղաքցիություն ստանալու համար: Սա ինչո՞վ է պայմանավորված:
Այո, բայց այնպես չէ, որ այդ 10 հազար հոգին ստանալով ՀՀ քաղաքացիության տեղափոխվելու են և բնակվեն Հայաստանում: Պարզապես, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով մարդիկ, այդ թվում մեր հայրենակիցները, իրենց բիզնեսի ազատ գործունեությունը, նաև իրենց ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով ձգտում են ստանալ կամ վերականգնել իրենց ՀՀ քաղաքացիությունը: Հիմա այդ գործընթացն է տեղի ունենում, բայց նույնիսկ այդ դեպքում դրական է, որ մարդիկ վերականգնում են իրենց ՀՀ քաղաքացիությունը:
Այսինքն՝ սա ժողովրդագրական խնդիր չի՞ լուծում:
Ցանկացած ներգաղթ, Հայաստանում մշտական բնակության հաստատում, նույնիսկ մեկ հոգու վերադարձ, հարց լուծում է: Մանավանդ, եթե խոսում ենք վերարտադրողական կարիքի մարդկանց վերադարձի մասին: Կամաց-կամաց պետք է վերադառնան, անհատական որոշումների հիման վրա, նաև հաշվի առնելով, թե ինչ հանգամանքների բերումով են վերադառնում: Բոլոր դեպքերում գործընթացը դրական է և ամեն ինչ պետք է անել այն ավելի հեշտացնելու, ավելի պարզեցնելու և այստեղ ծագող խնդիրները լուծելու համար: Բայց դեռևս վաղ է խոսել մեր հայրենակիցների մեծ ներգաղթի մասին:
Կոնկրետ այս պահին քաղաքացիություն ստանալու համար դիմումների մեծ քանակը կապված է այդ մարդկանց բիզնես գործունեության և ազատ տեղաշարժի հետ: Մասնավորապես, այսօր ՌԴ քաղաքացիների համար դժվար է տեղաշարժվել, նաև բիզնես գործունեությունը ծավալել, եթե աշխատում են արևմտյան շուկաների հետ: Նրանք իրենց բիզնեսը գրանցում են Հայաստանում, և դա նույնպես դրական է:
Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների դինամիկան որոշակի փոփոխությունների ենթարկվե՞լ է:
Ոչ, նախորդ տարիների նման մարդիկ գնացել են արտագնա աշխատանքի, նույն հոսքը կա: Թե ինչպես կվերադառնան այդ արտագնա աշխատանքից, կստանան իրենց աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն, թե չեն ստանա, դա հարցի մյուս կողմն է, որովհետև բավական շատ անորոշություններ կան: Այն մարդիկ, որոնք միշտ մեկնում էին սեզոնային աշխատանքի, այս տարի նույնպես մեկնել են: Այդ գործընթացում դեռևս թվային փոփոխություններ չեն արձանագրվել:
Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների թվի հետ կապված ունե՞նք որոշակի տեղաշարժ: Այդ միտումը պահպանվե՞լ է, թե ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված որոշակի զգուշավորություն կա մեր հայրենակիցների շրջանում:
Դեռևս կիսամյակային թվերը չեն հրապարակվել, մասնավորապես Ռուսաստանի ՆԳՆ-ն չի հրապարակել, թե ինչ տարբերություն ունենք նախորդ տարվա համեմատությամբ, բայց այդ գործընթացը հիմա էլ կա: Մարդիկ կան, որ ձգտում են ստանալ ՌԴ քաղաքացիություն, չենք կարող ասել, որ այդ գործընթացը դադարել է:









































