Իսրայելական Israland-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը մեկ շաբաթով հետաձգել է նախորդ տարվա մայիսի վերջին գրանցված «Մավի Մարմարա»-ի վերաբերյալ Փալմերի հանձնաժողովի զեկույցի հրապարակումը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ այդ զեկույցը հրապարակվելու է սեպտեմբերի 2-ին, իսկ մինչ այդ հուսով է, որ Թուրքիան ու Իսրայելը կհարթեն իրենց տարաձայնությունները։
Բան Կի Մունը հասկացրել է, որ Իսրայելի համար օգտակար չէ Թուրքիայի նման թշնամի ունենալը՝ հաշվի առնելով պաղեստինյան պետության հռչակման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայանալիք քվեարկությունը։
Զեկույցի բովանդակությունը վաղուց հայտնի է. Իսրայելի կողմից Գազայի ծովային շրջափակումը ճանաչվել է ապօրինի, իսկ Թուրքիան մեղադրվում է «հումանիտար նավատորմի» կազմակերպիչների հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերելու մեջ։ Դրա հետ մեկտեղ, Իսրայելը քննադատվում է ավելորդ ուժ կիրառելու մեջ, ինչը կարող է հանգեցնել իսրայելցի զինծառայողների դեմ միջազգային դատական հայցերի ներկայացմանը։
Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 31-ի գիշերը Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակում գործեցին «Մեր ուղեգիծը Պաղեստինն է, իսկ բեռը՝ մարդասիրական օգնություն» կարգախոսով, վեց նավից բաղկացած «Ազատության նավատորմի» վրա, որը 10 տոննա հումանիտար օգնություն էր տանում Գազա:
Հարձակման հետևանքով 16 մարդ սպանվեց, մոտ 30-ը՝ վիրավորվեց: Զոհվածների թվում էին Թուրքիայի 9 պաղեստինամետ քաղաքացիներ: Իսրայելը վստահեցնում էր, որ 6 նավերով Գազայի հատված ուղևորվող շուրջ 700 ակտիվիստները նաև զենք են կրել:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դա որակեց որպես «թուրքական սեպտեմբերի 11»` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ իրենց քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելը զբաղվում է «ծովահենությամբ»։
Դրանից հետո թուրքական կողմն Իսրայելից շարունակ պահանջում է ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել տուժածների ընտանիքներին, ինչը, ըստ իսրայելական կողմի, նշանակում է հանձնվել ահաբեկչությանը:









































