Պարենային անվտանգության ապահովումն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Արցախի կառավարության որոշմամբ արգելվել է հացահատիկի արտահանումն Արցախի տարածքից: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ: Նրա խոսքով՝ Արցախում հացահատիկի ծավալները չեն բավարարում, պետք է ներմուծում:
Ըստ Պետրոսյանի՝ պարենային անվտանգության խնդիրներով մտահոգված է ամբողջ Եվրոպան․ «Եթե մենք ներկրումների հարցում խնդիր չունենանք, միևնույն է՝ գներն են բարձրանալու: Պարարտանյութի գները եռակի բարձրացել են: Եթե պարենային ապրանքի խնդիր ունենք, գոնե կարտոֆիլի և ցորենի ցանքատարածությունների պարարտացման համար առանձնակի մոտեցում էր պետք»: Պետրոսյանը ցավով է նշում, որ կորցրինք գյուղատնտեսության հետ կապված ամեն ինչ․ «Որևէ մեկը չի ուզում հասկանալ՝ ինչու հողը չի մշակվում»:









































