Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հուլիսի 6-ին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց: Ըստ տարածված հաղորդագրության, զրույցի ընթացքում խոսվել է հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին: Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ: Դա ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության: Կրեմլի կայքի տեղեկատվությունն այն մասին է, որ քննարկվել են նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Նշվում է հայ-ադրբեջանական սահմանի, ինչպես նաև հաղորդուղիների ապաշրջափակման թեմաները շոշափելու մասին:
Ուշագրավ է, որ Կրեմլի հաղորդագրությունը տեղեկացնում է նաև, որ Հայաստանի վարչապետը Պուտինին իրազեկել է Հայաստան-Թուրքիա հարաբերության կարգավորման գործընթացի վերջին շփումների մասին: Նկատենք, որ վերջին շփումները աչքի ընկան առաջին անգամ կոնկրետ պայմանավորվածության մասին ազդարարումով՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել օդային երկկողմ բեռնափոխադրումներ: Իհարկե հստակ չէ, թե ինչ ժամկետներում է իրագործվելու այդ մասին պայմանավորվածությունը:
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը ուշադրության է արժանի իհարկե ոչ միայն այդ զուգահեռի համատեքստում, այլ նաև երկու օր առաջ տեղի է ունեցել Շարլ Միշել-Իլհամ Ալիև հեռախոսազրույց: Հուլիսի 4-ին տեղի ունեցած այդ հեռախոսազրույցում գործնականում քննարկվել են այն թեմաները, որոնք քննարկել են Փաշինյանն ու Պոււտինը՝ սահմանների հարց, սահմանազատման աշխատանք, հաղորդուղիների ապաշրջափակում: Իհարկե դրանք քննարկվել են այսպես ասած բրյուսելյան ձևաչափի համատեքստում: Առ այսօր իհարկե թերևս էական հարցերից մեկն այն է, թե ո՞րն է բրյուսելյան և ռուսական ձևաչափերի տարբերությունը, բացի իհարկե Բրյուսելից և Մոսկվայից: Իրավիճակն այստեղ ավելի շուտ այսպես ասած «ըստ ճաշակի» կամ ըստ «նախապատվության» մեկնաբանությունների դաշտում է: Խոշոր հաշվով պարզ է, որ խնդիրը իհարկե վերաբերում է ռեգիոնալ իրադրության համար կառավարման դիրքային պայքարին, քանի որ զուտ օրակարգի առումով շրջանակի բազմազանությունը մեծ չէ, ու թե Բրյուսելը, թե Մոսկվան խոշոր հաշվով աշխատում են նույն շրրջանակում, անգամ եթե կան տարբեր ձևակերպումներ օրինակ Արցախի կարգավիճակի կամ արցախահայության իրավունքների առումով: Այդ ամենով հանդերձ ակնառու է, որ դիրքային պայքարի մասնակիցները, որոնք բոլորովին չեն սահմանափակվում միայն Բրյուսելով և Մոսկվայով, ունեն միմյանց խանգարելու , միմյանց «ոտք դնելու» բավարար կենսունակություն: Իսկ այդ խնդիրը իհարկե նրանք պետք է լուծեն առավելապես կամ հայկական, կամ ադրբեջանական կողմի միջոցով: Այդ իմաստով, Երևանն ու Բաքուն մի կողմից հանգում են այդ միջոցը չդառնալու անուղղակի ընդհանուր խնդրին, մյուս կողմից իհարկե փորձում այդ խնդիրը սպասարկել միմյանց հաշվին:









































