ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահի փոփոխություն է կատարել։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «Թուրան»-ի Վաշինգտոնի թղթակիցը։ «Էնդրյու Շոֆերը կատարել է իր առաջադրանքը, և հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն է Լորա Օքլան։ Հունիսի 21-ին տիկին Օքլան մեկնել է Բրյուսել՝ հանդիպումների իր ԵՄ և Ֆրանսիայի գործընկերների հետ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման շուրջ։ Իսկ հունիսի 27-ին նա հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»,- լրատվամիջոցին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Նշենք, որ Լորա Օքլան 2022 թվականից զբաղեցնում է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրենի պաշտոնը։ Նա նախկինում աշխատել է որպես Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերի տնօրեն: Օքլան կադրային դիվանագետ է, ավելի վաղ աշխատել է Մադրիդում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի տեղակալ (2017-2020), Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան ներքին քաղաքականության ղեկավար (2014-2017)։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնել էր, որ Մինսկի խմբի ՌԴ համանախագահը հրաժարվել է մասնակցել ԼՂ-ի հարցով քննարկմանը։