Ադրբեջանցի քաղաքագետները կարծում են, որ իրենց երկրի համար սպառնալիք են համարվում Ռուսաստանն ու Իրանը, իսկ դրանից պաշտպանվելու լավագույն ձևը Թուրքիայի հետ ռազմական միություն, իսկ հետագայում ադրբեջանա-թուրքական համադաշնություն ստեղծելն է:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, նշեց, որ Ադրբեջանի մտահոգության հիմնական պատճառն այն է, որ սրվել են վերջինիս հարաբերությունները հարևանների, մասնավորապես Կասպից ծովի ավազանի իր հարևանների հետ: Իսկ Ռուսաստանին որպես սպառնալիք համարելն, ըստ Սարգսյանի, պայմանավորված է Ռուսաստանի դիրքորոշմամբ Կասպից ծովում, ինչպես նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանը Հայաստանի հետ ռազմավարական դաշնակից է, իսկ Իրանի հետ սերտ հարաբերություններ ունի:
Սարգսյանը բնական համարեց Թուրքիայի հետ համադաշնություն ստեղծելու ադրբեջանական գաղափարները, քանզի Ադրբեջանը իր անվտանգության երաշխիքները միշտ էլ կապել է Թուրքիայի հետ, ինչպես Հայաստանն է իր անվտանգությունը կապում Ռուսաստանի հետ. «Բնականաբար, նման արտահայտություններ և առաջարկներ կարող են լինել, և Ադրբեջանը փորձում է Թուրքիային ավելի ներգրավել իր պլանների մեջ»:
Սակայն, ըստ փորձագետի, դրանք միայն գաղափարներ են և իրականանալի չեն` համենայնդեպս առաջիկայում. «Թուրքիան առանց այն էլ լուրջ խնդիրներ ունի իր հարևանների հետ և ընդհանրապես տարածաշրջանում նման քայլեր իրականացնելը Թուրքիայի համար հեշտ չէ: Այդ գաղափարի իրագործումը բարդություններից բացի, Թուրքիային այլ բան չի տա»:








































