Ճապոնական Maeda Corporation ընկերությունը հրահանգել է իր աշխատողներին աշխատանքի ներկայանալ միանման և կարճ սանրվածքով: Տղամարդիկ պետք է կարճ, զինվորական ոճով սանրվածքով ներկայանան, իսկ կանայք խնամված և հավաքած մազերով: Այս մասին տեղեկացնում է The Daily Telegraph-ը:
Ընկերության ներկայացուցիչ Տիզուրու Ինոուեն պարզաբանում է տվել այս որոշման առթիվ` նշելով, որ նման ձևով ընկերությունը ցանկանում է իր ներդրումն ունենալ բնապահպանության գործում: «Մենք դեռ հստակ չգիտենք, բայց կարծում ենք, որ կարճ մազերով մարդիկ ավելի քիչ ջուր են օգտագործում և մազերը չորացնելու համար ավելի քիչ ժամանակով են վարսահարդարիչ օգտագործում, ինչը էլեկտրաէներգիայի խնայման պատճառ կարող է դառնալ»,- նշել է ընկերության ներկայացուցիչը:
Ճապոնիայի իշխանությունները վերջին ամիսներին բազմիցս դիմել են երկրի բնակչությանը հնարավորինս քիչ էլեկտրաէներգիա օգտագործելու կոչով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի մարտի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի արդյունքում վթարի էր ենթարկվել Ֆուկուսիմա 1 ատոմակայանը, ևս մեկ ատոմակայան անվտանգության նկատառումներով դադարեցրել էր իր աշխատանքը, որի արդյունքում երկրում զգացվում է էլեկտրաէներգիայի պակաս:









































