Եվրամիության՝ Հարավային Կովկկասի հարցերի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառում է արել Իլհամ Ալիևի հայտարարության առնչությամբ, որ հնչել է Բաքվի ֆորումի ընթացքում: Ալիևը խոսել էր այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության: Կլաարն էլ, ինչպես ինքն է գրել, «ուրախությամբ է ծանոթացել» ելույթին և նշում է, որ Եվրամիությունը «վճռականորեն» աջակցում է դրան: Կլաարը նշել է, որ ժամանակն է անցնել գործնական քայլերի. «Հիմա ժամանակն է հաստատել խաղաղություն, հաստատել համագործակցություն» և «անցնել գործնական իրականացմանը»՝ հետևելով Հայաստանի հետ դրական դինամիկայի։ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է դրան», գրել է Կլաարը:
Եվրամիության հատուկ ներկայացուցչի «վճռականությունը» թերևս կշահեր և կլիներ համոզիչ, եթե Ալիևի ելույթից բխող «ուրախության» մասին հայտնելու փոխարեն, նա, եթե ոչ տխրությամբ, ապա մտահոգությամբ արտահայտվեր նաև Ալիևի ելույթին հաջորդած սահմանային հերթական ողբերգական միջադեպի մասին, երբ ադրբեջանցիները կրակոցով սպանել էին հայ զինվորի՝ Վարդենիսի ուղղությամբ: Որովհետև, Ալիևի ելույթներին «ընտրովի» վերաբերմունքը մոտեցնում է ոչ թե խաղաղությունը, այլ հակառակը՝ տալիս է նրան հերթական «քարտ-բլանշը» շանտաժի քաղաքականության և գործիքակազմի կիրառման համար:
Բանն այն է, որ Իլհամ Ալիևի Բաքվի ելույթը միայն շատ փոքր մասով էր վերաբերում խաղաղությանը, իսկ դրա մեծ մասը պարունակում էր շանտաժի ակնառու տոնայնությունը, հետևյալ տրամաբանությամբ՝ կամ կլինի խաղաղություն Ադրբեջանի պայմաններով, կամ այն չի լինի և Ադրբեջանը կշարունակի ռազմական շանտաժը՝ իր պայմանները թելադրելու համար: Եվ գործնականում, Ալիևի ուղիղ ցուցումով է իր խաղաղասիրական ելույթին հաջորդել հայ զինվորի սպանությունը Վարդենիսի ուղղությամբ, թե ոչ, բայց Ալիևը կրում է դրա համար ուղիղ պատասխանատվություն, որովհետև նրա ելույթը կառուցված է եղել հենց այդ տրամաբանությամբ՝ կամ կլինի միայն այնպես, ինչպես մենք ենք ուզում, կամ չի լինի խաղաղություն: Եվ, եթե Եվրամիության հատուկ ներկայացուցիչը իր «ուրախությունն» է հայտնում այդ տրամաբանությամբ կառուցված ելույթի կապակցությամբ, բայց որևէ մտահոգություն չի արտահայտում սահմանին հերթական սպանության կապակցությամբ, ապա գործնականում պատասխանատվության մի ուղիղ էլ ստանձնում է ինքը: Ի վերջո, կա թերևս մի պարզ հանգամանք էլ:
Հայկական հանրությունը բազմիցս և առավել քան խոսուն օրինակներով եղել է ականատես, թե ինչ վտանգներով և ռիսկերով է հղի այսպես ասած ռուսական միջնորդական մանդատը: Միևնույն ժամանակ, սակայն, տեսնելով այդ ամենը, հայկական հանրությունը նաև չի ուզում և իրավունք էլ չունի կուրորեն առաջնորդվել այլ մանդատների, այդ թվում ԵՄ մանդատի գնահատման հարցում: Հետևաբար, այդ մանդատը կարիք ունի հայ հանրությանն ի ցույց դնել իր որակական տարբերությունը ռուսական մանդատի հանդեպ:









































